Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համալսարանականները, եթե մասնակցում են այո-ին, ապա մասնակցում են իրենց աշխատանքից հետո». Արամ Սիմոնյան

Նոյեմբեր 17,2015 12:48

Երեւանի պետական համալսարանում չկա ոչ այո-ի, ոչ էլ ոչ-ի քարոզում: Հանգիստ թողեք բուհերին: Բուհերը դրանով չեն զբաղվում»,- Aravot.am-ին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե նույնիսկ մանկապարտեզներն են այո-ի քարոզարշավում ներգրավված, ռեկտորը շարունակեց. «Չգիտեմ, գուցե մանկապարտեզները ներգրավված լինեն, բուհերը դրա մեջ ներգրավված չեն: Ունենք աշխատանքային կանոնավոր ռեժիմ, դասախոսություններ, սեմինարներ, գիտահետազոտական աշխատանք… չեք կարող շրջելով բոլոր միջանցքներում նկատել նույնիսկ քարոզչության նշույլ: Համալսարանականները, եթե մասնակցում են այո-ին կամ ոչ-ին, ապա մասնակցում են իրենց աշխատանքից հետո: Ոչ ոք համալսարանում իրավունք չունի մասնակցել քարոզարշավին»:

Ռեկտորը հերքեց, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դասախոսական կազմի դիրքորոշումների ուսումնասիրություն է եղել. «Այդպիսի բան չի եղել, մեզ մոտ միայն եղել է ֆիզիկայի ֆակուլտետում ժողով, որտեղ մարդիկ իրենց տեսակետն են արտահայտել եւ վերջ: Ի՞նչ է նշանակում ուսումնասիրություն: Օրենքը թույլ չի տալիս քարոզչություն իրականացնել բուհերում»:

Մեր հարցին՝ իսկ դասախոսական կազմին չե՞ք կողմնորոշում ընտրության հարցում, ասաց. «Ինչո՞ւ պետք է կողմնորոշեմ, ես հազար ու մի ուրիշ գործ ունեմ: Հետաքրքիր բան եք ասում»:

Այսօր ԵՊՀ-ում «Եվրասիական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երիտասարդական 2-րդ դպրոցի մեկնարկն էր:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ շատ է կարեւորում այդ հանդիպումը, որի շրջանակներում ուսանողները հանդիպում են արտաքին քաղաքականության եւ ռազմական համագործակցությամբ զբաղվող գործիչների հետ.«Շատ օգտակար է հանդիպել այդպիսի մարդկանց հետ, որոնք այսօր քաղաքականություն են մշակում ու իրականացնում հատկապես անվտանգության եւ պաշտպանության ոլորտում: Աշխարհում ընթացող գործընթացները լավատեսության համար քիչ տեղ են թողնում: Մեր ուսանողությունը, բացի անհոգ երիտասարդությունից՝ նաեւ պետք է չտարվի անհոգ կենսաձեւով եւ լրջորեն մտածի ոչ միայն իր սեփական, այլեւ հասարակության, իր երկրի ապագայով: Կանգնած ենք մի ճամփաբաժանի առաջ, որոնցից մեկը տանում է դեպի քաղաքակրթության զարգացում, մյուսը տանում է դեպի կործանում: Մեր երիտասարդությունը պետք է ընտրի՝ ինչ է ցանկանում: Որ մեր երկիրը կարողանա առաջընթաց ունենալ ու զարգանալ, երիտասարդությունը պետք է ակտիվ դիրքորոշում ունենա: Մանավանդ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հեռու-մոտիկ երկիր չի կարող լինել, հեռու-մոտիկ հասարակություն, անվտանգ հասարակություն չի կարող լինել, եթե այդ հասարակության յուրաքանչյուր անդամ չի մտածում այդ անվտանգության մասին»:

Ռեկտորն ասաց նաեւ, որ մտածում են անվտանգության թեմայով նոր սեմինարներ, հանդիպումների շարք կազմակերպել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30