Առաջարկվում է հրավիրել քաղաքացիների կողմից ընտրված սահմանադիր ժողով, որտեղ եղած քննարկումների արդյունքում վերջնական ընդունված սահմանադրությունը կդրվի հանրաքվեի: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ իրենք չեն ընդունում տվյալ իշխանության լեգիտիմության այս աստիճանը, որ այն կարող է նույնիսկ սահմանադրական կարգ փոխել ցանկացած ուղղությամբ անկախ բովանդակությունից:
Նա նշեց. «Սահմանադրական փոփոխությունների այս ձևը իմիտացիոն է: Հավատում ենք, որ սահմանադրական լուրջ փոփոխություններ պետք են այս երկրում, բայց ազատ պայմաններում»: Պարոն Հովհաննիսյանը շեշտեց, որ խոսքը միայն հեռուստաշոուն չէ, այլ այն, որ քաղաքական ուժերը պետք է լինեն հավասար պայմաններում, այնինչ այսօր ընդամենը կա հարաբերական տեղեկատվական ազատություն նաև ոչ ասողների համար:
Պարոն Հովհաննիսյանը քննադատեց, թե մի քաղաքական ուժը սեփականաշնորհել է պետությունը. «Այս պարագայում ազատ հանրաքվե լինել չի կարող: Ամբողջ ՏԻՄ համակարգը և պետական ապարատը միանշանակորեն ենթարկվում է մեկ քաղաքական ուժի, սկսած ուսխորհուրդներից այդ քաղաքական ուժին անդամագրվելը ոչ թե համոզմունքի հարց է դարձել, այլ վերապրելու, աշխատանք ստանալու, աշխատանքը չկորցնելու հարց է: Ազատ հանրաքվեն հնարավոր է միայն ազատ երկրում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հիմնավորեց, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նաև ազգային անվտանգության տեսանկյունից է մեզ անհրաժեշտ` հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական պայմանները:
Կարդացեք նաև
Պարոն Թորոսյանը շեշտեց. «Դեկտեմբերի 6-ին հասարակ հայ մարդը պետք է քվեարկի իր վաղվա օրվա անվտանգության, բարեկեցիկ կյանքի ու իր պետության, պետականության կայունության համար: Մեր պետությունը պետք է մեկ անձի պատասխանատվությունից անցնի կոլեկտիվ պատասխանատվության: Իսկ կոլեկտիվը կձևավորվի ընտրությունների արդյունքում»:
Ի պատասխան հակափաստարկների` պարոն Թորոսյանն ասաց. «Դրանք պարզունակ շահարկումներ են, երբ խոսքը գնում է փաստաթղթի օբյեկտիվ շահարկմանը` առաջ են բերում արտագաղթ և այլ հարցեր: Բուն փաստաթղթի բովանադակությանը անդրադառնալու փոխարեն մարդիկ խոսում են արտագաղթից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ