Լրահոս
Օրվա լրահոսը

Սա թե՛ ՀԱԿ-ի, թե՛ «Ժառանգության» պարագայում ինքնաբնութագիր կարելի է համարել. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 17,2015 11:48

Սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ «ոչ»-ի միանգամից երկու ճակատ ձեւավորած ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բավարար թվով կադրեր չունեն:

Դժվար է այլ կերպ մեկնաբանել այն փաստը, որ խորհրդարանական այս երկու ուժերն իրենց ներկայացուցիչներին չեն նշանակել մի ամբողջ շարք ընտրական հանձնաժողովներում: Մասնավորապես, 1997 ընտրատեղամասային հանձնաժողովներից ՀԱԿ-ը անդամներ չի նշանակել 245-ում, իսկ «Ժառանգությունը»՝ 118-ում:

Բացատրել, թե ինչու է կարեւոր ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալը, կարծում ենք, չարժե: Իսկ այն, որ որեւէ քաղաքական ուժ ունի հնարավորություն նշանակել ընտրական հանձնաժողովի անդամ, բայց չի օգտվում իր այդ հնարավորությունից, շատ բան է վկայում:

Ամենից առաջ դա վկայում է, որ ահռելի հավակնություններով հանդես եկող տվյալ քաղաքական ուժը փաստորեն չունի ամենակարեւորը.՝ այն, ինչը կոչում են «մարդկային ռեսուրս»: Այսինքն՝ եթե ՀԱԿ-ը հայտարարում է, որ իրենց քարոզած «ոչ»-ը հազարավոր կողմնակիցներ ունի, կամ իրենք մի քանի հազար համակիրներ ունեն, նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներում թափուր տեղեր չպիտի թողնեին:

Բայց արի ու տես, որ հարյուրավոր թափուր տեղեր են թողնում, ըստ որում՝ մի շարք հանձնաժողովներում նաեւ նախագահի, քարտուղարի պաշտոններ ունենալու երաշխավորված հնարավորությամբ: Ուրեմն կա՛մ ստում են, երբ խոսում են հազարավոր կողմնակիցների ու համակիրների մասին, կա՛մ խորապես չեն վստահում իրենց իսկ համակիրներին:

Կա նաեւ երրորդ տարբերակը, որն ավելի վատ բանի մասին է խոսում: Բանն այն է, որ ընտրական հանձնաժողովում քաղաքական ուժի կողմից նշանակվող անձը պետք է համապատասխան դասընթացներ անցած լինի: Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պիտի լիներ, քաղաքական ուժերին, բնականաբար, հայտնի էր, եւ բոլորն էլ բավարար ժամանակ ունեին զբաղվելու այդ խնդրով, այսինքն՝ իրենց համապատասխան ներկայացուցիչներին նման դասընթացների գործուղեին:
Հիմա, եթե ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» թերացել են այս հարցում, ապա դա էլ ավելի բացասաբար է բնութագրում նրանց, քանզի ստացվում է, որ տվյալ ուժերը ամենահասարակ կազմակերպչական խնդիրներ չեն կարողանում համակարգված լուծել: Բայց այ, հավակնում են իշխանափոխության, չգիտեմ՝ հեղափոխություն անելու եւ առհասարակ մեծ-մեծ խոսում են:

Կարող է թվալ, թե, օրինակ, ՀԱԿ-ը ինչ-որ հեռավոր գյուղերում գտնվող ընտրատեղամասային հանձնաժողովներում նշանակումներ կատարելու համար համապատասխան թեկնածուներ չի գտել: Մի բան, որ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, հաշվի առնելով հայրենի կուսակցությունների «մայրաքաղաքային» բնույթը, այսինքն՝ միայն Երեւանում քիչ թե շատ ակտիվ գործելու հանգամանքը:

Սակայն պարզվում է, որ դա էլ այդպես չէ: Արի ու տես, որ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը նշանակումներ չի կատարել հենց մայրաքաղաքում գտնվող բազմաթիվ ընտրական տեղամասային հանձնաժողովներում՝ սկսած Ավանից, վերջացրած Կենտրոնով: Բայց, միեւնույն է, Երեւանում լինի թե մարզերում, փաստը փաստ է. մարդ չունեն:
Սա թե՛ ՀԱԿ-ի, թե՛ «Ժառանգության» պարագայում ինքնաբնութագիր կարելի է համարել: Բացասակա՛ն ինքնաբնութագիր:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30