Երեւանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արա Երնջակյանը քարոզում է, որ երեւանցիները չարտագաղթեն։ Ավելի ճիշտ՝ հորդորում է այդ քայլին դիմելուց առաջ մի լավ մտածել ու եւս մեկ անգամ կշռադատել։
Նա դա անում է ոչ անձամբ, այլ իր նոր ներկայացման միջոցով, որը կոչվում է «Սիրո խոստովանություն» եւ որի պրեմիերան կայացավ շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին։ Ինքնաթիռը պատրաստվում է օդ բարձրանալ՝ իր հետ տանելու նորանոր մարդկանց, որոնք Երեւանից հեռու կապրեն, կկարոտեն, բայց միառժամանակ անց այդ կարոտը կբթանա ու այլեւս այնքան էլ նեղություն չի պատճառի։ Սակայն թռիչքը երկու ժամով հետաձգվում է, եւ ուղևորներին առաջարկվում է պատմական էքսկուրս կատարել՝ գիտակցելու, թե ինչպիսի Երեւան են նրանք պատրաստվում լքել։
«Սիրո խոստովանություն» ներկայացման մեջ երգ ու պար կա, հումոր, ուրախ տրամադրություն։ Միեւնույն ժամանակ սեփական թերությունների վրա ծիծաղելու փորձ է արվում, մատնացույց է արվում հային հատուկ «հիվանդությունը»՝ ամեն մի «յան»-ով վերջացող ազգանուն կրողի մեջ ազգակցի տեսնել եւ աշխարհում ամեն մի խոշոր գործի մեջ հայի հետքը փնտրել»։ Այստեղ պարզվում է՝ նույնիսկ ծիրանագույն արեւն է հայ։ Վկա՝ «Հորս արեւ» հայտնի արտահայտությունը։
Կամերային թատրոնի բեմ բարձրացած նոր ներկայացման մեջ հանդիպում է ակնհայտորեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կերպարը՝ թեւավոր դարձած իր արտահայտությամբ. «Ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին, եւ ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած»։
Կարդացեք նաև
Քար է ընկնում նաեւ մշակույթի նախարարության բոստանը՝ հանդիսատեսին հիշեցնելով «կաֆել, մետլախ հագած» մեր եկեղեցիների մասին։
Թաթայի կերպարը նույնպես կա։ Երեւանին նվիրված բազմաթիվ հին ու նոր երգերի հետ միասին հնչում է նաեւ նրա երգերից։ Ներկայացման ավարտին պարզվեց, որ երգիչը եւս դահլիճում է։ Հավանե՞լ էր նա իր կերպարը, մենք չիմացանք։ Թաթան սիրալիր ներողություն խնդրեց ու հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում