Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության դրդապատճառն է պարզ դարձել. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 17,2015 10:57

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների դաժան սպանության գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին երեկ ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կախերի բաժնից։

Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը ավարտվել է հոկտեմբերի 16-ին։ Հենց այդ օրն էլ սույն գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն) եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Սույն սպանության գործը բաղկացած է 26 հատորից։

Այս գործով մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից դեռեւս չի հաստատվել, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները երեկ նոր միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ Տեղեկությունը հաստատեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

– Քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում ի հայտ եկե՞լ են այնպիսի էական հանգամանքներ, որոնք մինչ այդ ձեզ հայտնի չէին։

– Այո, կային գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք մինչ դա մեզ հայտնի չէին, որովհետեւ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ մենք միայն փորձաքննությունների նշանակման որոշումներին էինք կարողանում ծանոթանալ եւ նաեւ փորձագետների եզրակացություններին, դատողությունները ընդհանուր կատարում էինք դրա հետ կապված, նաեւ նկատի ունենալով, որ որոշ եզրակացություններում հղումներ կային քրեական գործի որոշ նյութերի։

Այս պահին ծանոթացել ենք շատ նյութերի, տեսնում ենք նաեւ շատ ավելին, քան մեզ հայտնի էր, այդ մասին հնարավոր է, որ մենք մոտ ժամանակահատվածում մանրամասներ ներկայացնենք հանրությանը, սակայն նկատի ունենալով մեր կողմից կատարված միջնորդությունը եւ նաեւ միջնորդության բնույթը, այս պահին զերծ կմնամ այդ մասին խոսել։

– Ի վերջո Ձեզ համար սպանության դրդապատճառը պա՞րզ է:

– Այո, քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո նաեւ սպանության դրդապատճառն է մեզ համար պարզ դարձել որոշակի առումով։ Բայց այս պահին չենք կարող հրապարակել:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30