«Այո»-ականները, որոնք հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորներ են թե՛ հարավային, թե՛ հյուսիսային շրջաններում, յուրահատուկ տակտիկա են ընտրել իրենց «այո»-ն ժողովրդին հասցնելու հարցում. «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով նրանք պատրաստ են փնովել իրենց իշխանությունը, ամենաանհավանական խոստումները տալ, միայն թե համոզեն «այո» ասել։
Եվ, տեսնելով, որ ժողովրդին բուն Սահմանադրությունն առանձնապես չի հետաքրքրում, այլ սոցիալական խնդիրներով են տարված, ձեռնպահ չեն մնում նաեւ ավանդական մեթոդներից՝ ընտրակաշառքից։ Օրինակ՝ Մեղրիում խոստանում են գազի հարց լուծել, դպրոցի գույք հայթայթել եւ այլն։
Երբ փորձում են համոզել, որ Սահմանադրությունը դրական փոփոխություններ է առաջացնելու, ստիպված սկսում են փնովել գործող իշխանություններին։ Իսկ երբ ուզում են ապացուցել, որ պառլամենտական կառավարումը լավ բան է, սկսում են քննադատել Սերժ Սարգսյանին՝ մի մարդը սխալներ է թույլ տալիս, վերացնենք մի մարդու ինստիտուտը։ Մոտավորապես այսպես. «Չե՞ք ուզում Սերժ Սարգսյանին, չե՞ք ուզում ՀՀԿ-ին, վատն են այս իշխանությունները, դե ուրեմն եկեք «այո» ասենք Սահմանադրությանը, որ փոխենք համակարգն ու չունենանք այլեւս այնպիսի նախագահ, ինչպիսին Սերժ Սարգսյանն է»։ Կամ՝ կոռուպցիայի դեմ պայքարը կապում են նոր Սահմանադրության հետ, հընթացս ընդունելով, որ երկրում կոռուպցիա կա եւ այլն։ Այս զավեշտալի վիճակը ՀՀԿ-ականները տարբեր կերպ են մեկնաբանում։
Սյունիքի մարզից հատուկ ԱԺ նիստերի համար Երեւան վերադարձած «այո»-ական Վարդան Այվազյանը, օրինակ, մեր մատնանշած ընտրակաշառքի փաստերի առնչությամբ ասաց. «Իսկ վա՞տ է, որ խնդիրներ ենք փորձում լուծել։ Գնացել հասել ես, եթե կարելի է մարդկանց համար ինչ-որ խնդիր լուծել, նույն մեր ընդդիմադիր գործընկերներն էին ասում, որ աջակցեք՝ էդ խնդիրը լուծվի։ Դրա մեջ ի՞նչ վատ բան ես տեսնում դու։ Եթե մարդիկ ուզում են, որ գազ օգտագործեն, ինձ թվում է՝ էդտեղ որեւէ ընտրակաշառքի հետ կապված խնդիր չկա»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գործոնը ՀՀԿ-ականների կողմից շահարկվելուն, ապա Այվազյանը կարծում է, որ Ս. Սարգսյանը, որպես նախագահ, իրականացնում է իր պարտականությունները մինչեւ 2018 թվականը՝ ամբողջ ժամանակահատվածով, եւ այս հարցը կապել ինչ-որ անձերի հետ, ճիշտ չէ։ Այո, ժողովուրդն իրենց կարող է եւ փնովել, եթե իշխանությունները չեն լուծել իրենց սոցիալական խնդիրները, բայց «էնպես չի, որ ընդդիմության համար ուշաթափվում էին»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Գեւորգ Պերկուպերյան