Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) տեղի ունեցավ հերթական՝ 20-րդ տարեկան գիտաժողովի առաջին լիագումար նիստը: Տեսակապի միջոցով նիստին մասնակցում էին նաև ՀԱՊՀ-ի երեք՝ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը։
«ՀԱՊՀ-ը ճարտարագետ-գիտնականների կենտրոնատեղի է և իր առանձնահատուկ առաքելությունն ունի մեր հանրապետության հետազոտական ներուժի պահպանման ու զարգացման պատասխանատու գործընթացում»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:
Նրա փոխանցմամբ՝ այսօր համալսարանում իրականացվում են գիտահետազոտական և նորարարական բազմաբնույթ նախագծեր, ինչպես պետական և ՀԱՊՀ-ի բյուջեների, այնպես էլ միջազգային հիմնադրամների ու մի շարք շահագրգիռ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։
Բուհի ռեկտորն անդրադարձավ 2014-2015 թթ. համալսարանում իրականացված դրամաշնորհային ծրագրերին։ Նշեց, որ վերջին տարիներին համալսարանում ստեղծվել և արդյունավետ կերպով գործում են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնը, Շարունակական կրթության և վերապատրաստումների կենտրոնը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնահետազոտական և նորարարական կենտրոնը, Ճարտարագիտական լաբորատորիաները Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում:
Կարդացեք նաև
«Ես որոշ չափով ծանոթ եմ բուհում իրականացված հետազոտությունների արդյունքներին,- ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը.- այդ աշխատանքներից շատերը բարձր մակարդակ ունեն, սակայն պայմաններ չկան դրանց հետագա կիրառման համար: Այն արդյունքները, որոնք հետազոտողներն ստանում են լաբորատորիաներում, ամբիոններում, հաճախ այդպես էլ մնում են զուտ որպես հետազոտական աշխատանքներ: Մինչդեռ ճարտարագիտական լուծումները պետք է կիրառել կյանքում, իսկ չպահանջվածությունն այդ առումով դժվարություններ է ստեղծում»:
Հավելենք, որ գիտաժողովն արդյունքները կամփոփի նոյեմբերի 20-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ