«Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Հովհաննիսյանն ու Արմեն Աղայանը գտնում են, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն այնքան էլ ակտիվ չի անցնում: Ընդ որում, դա վերաբերում է և´ «Այո»-ի, և´ «Ոչ»-ի ճակատներին. «Հանրապետական կուսակցությունը բացարձակապես այլ մեխանիզմների վրա է հույսը դրել,- ասում է Արմեն Հովհաննիսյանը,- իմ կարծիքով, նրանց քարոզարշավը զուտ ցուցադրական բնույթ է կրում, թե տեսեք՝ մենք բոլոր բակերում ունենք շտաբներ, մեծ տառերով վրան գրված է «Այո»… Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ նրանք ժողովրդին համոզելու խնդիր չունեն: Նրանք որոշակի մեխանիզմներ աշխատեցնելու վրա են իրենց հույսը դրել: Ընդդիմությունն էլ կարծես հույսը դրել է ոչ թե քարոզի միջոցով ժողովրդին համոզելու, այլ հակամեխանիզմների վրա. փորձում է մեխանիզմներ ստեղծել այն մեխանիզմների դեմ, որոնք պիտի օգտագործի իշխանությունը հանրաքվեն անցկացնելու համար»:
«Իշխանությունների մասով ամեն ինչ պարզ է,- նկատում է Արմեն Աղայանը,- այնուամենայնիվ, բավականին անհեթեթ մի թեզիս՝ տարբեր ձևակերպումներով, նրանք արդեն շրջանառում են: Դա այն է, որ Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն: Երանի հավատացողներին:
«Ոչ»-ն էլ հույսը դրել է նրա վրա, որ ժողովուրդն այնքան չի սիրում իշխանություններին, որ, այսպես թե այնպես, «Ոչ» է ասելու (համենայն դեպս, նրանք, ովքեր ինքնուրույն են քվեարկելու): Հետևաբար՝ այս ամենն անիմաստ են դարձնում ակտիվ քարոզչության մասնակցելը»:
Արմեն Աղայանը նշում է, որ իրենց համար ներկա սահմանադրությունն էլ առանձնապես երևելի փաստաթուղթ չէ, և իրենք հատուկ ջանքեր չեն գործադրելու այն փրկելու համար. «Մեզ համար թե´ մեկն է միաբևեռ, անձերի վրա խարսխված համակարգ, թե´ մյուսը: Նույնիսկ կարելի է ասել՝ միաբևեռ համակարգի կատարելագործման փորձ է ուզում անել Հանրապետական կուսակցությունը՝ արդեն որպես միաբևեռ կուսակցապետություն ձևակերպվելու համար: Սրան է, որ մենք դեմ ենք»,- ընդգծում է նա:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչ հստակ կոչով կդիմեն ժողովրդին, դեռ պարզ չէ, կհասցնեն ձևակերպել մինչև հանրաքվեն. «Բացառված չէ, որ կոչ անենք թե´ «Ոչ» ասելուն, թե´, օրինակ, «ակտիվ անվավեր»-ին. երբ գնում ու քվեաթերթիկի վրա, ասենք, քո կարծիքն ես գրում իշխանությունների մասին: Սրանով դու նախ ակտիվ ես. տանը չես նստում, և քո ձայնը նրանք չեն կարող օգտագործել: Բացի այդ, փաստորեն, դիրքորոշումդ ես արտահայտում՝ օգտագործելով այն առիթը, երբ ժողովրդից կարծիք են հարցնում: Ժողովուրդն իր կարծիքը կարող է հայտնել ոչ միայն «Այո» կամ «Ոչ» ասելով, այլև ուղղակի քվեաթերթիկի վրա իր ուզածը գրելով»,- ասում է Արմեն Աղայանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ