Վալերի Օսիպյանը զանգել է բողոքի ակցիայի մասնակիցներին եւ հորդորել դադարեցնել ակցիան
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն այս պահին բողոքի ակցիա են անում Ֆեդերացիայի շենքի մոտ, եւ նրանք հայտարարել են, որ չեն հեռանա շենքի մոտից, մինչեւ իրենց պահանջների պատասխանը չլսեն:
Քիչ առաջ ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Էդգար Պետրոսյանին է զանգահարել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հորդորել դադարեցնել այսօրվա ակցիան, քանի որ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանում չէ:
Կարդացեք նաև
Էդգար Պետրոսյանի փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանն ասել է, որ ինքն էլ ազգային հավաքականի երկրպագուներից է, շատ սիրում է մեր հավաքականը, սրտացավ է եւ նրանց կողքին է, հարգում է երկպագուների պահանջները, սակայն խնդրում է հիմա վերջացնել ակցիան:
Ի պատասխան փոխոստիկանապետի հորդորի՝ Էդգար Պետրոսյանն ասաց, որ իրենք ընդամենը մի քանի օր առաջ Ռուբեն Հայրապետյանից շատ վիրավորական արտահայտություններ են լսել, որոնք ասել է Հայրապետյանն իրենց նամակը ստանալուց հետո:
Ակցիայի մասնակիցները միտք չունեն դադարեցնել իրենց բողոքը, նրանք արդեն պահանջում են Հայրապետյանի հրաժարականը, այս պահին նաեւ պահանջում են ֆեդերացիայի մամուլի ծառայության արձագանքը:
Ակցիայի մասնակիցները, ինչպես որ խոստացել էին, այս պահին դիմեցին կտրուկ գործողությունների, մի քանի երկրպագուներ Խանջյան փողոցի մեջտեղում խոշոր չափերի ճայթուկներ պայթեցրեցին, ինչին անմիջապես արձագանքեցին ոստիկանները՝ օղակի մեջ առնելով ակտիվիստներին: Նրանք մի քանի երկրպագուների նստեցրեցին ոստիկանական մեքենաներ, ստուգեցին եւ բաց թողեցին:
Ոստիկանների թիվն ավելացել է, նրանք պատ են կազմել եւ պահպանում են ֆեդերացիայի շենքը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են՝ Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը դարձրել է իր սեփականությունը, նա միջամտում է բոլոր ակումբների գործերին, ֆուտբոլը պետք է ղեկավարի ֆուտբոլից հասկացող ու ֆուտբոլի մարդ:
Հիշեցնենք, որ ՖԱՖ ակումբի ներկայացուցիչները մեկ ամիս առաջ նամակով դիմել էին Հայրապետյանին, պահանջելով՝ չառաջնորդվել ամբիցիաներով, հետ բերել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ Ֆեդերացիան տարաձայնություններ ունի, միջազգային կարգի մարզիչ հրավիրել ազգային հավաքականի համար, նվազեցնել տոմսերի գները:
Տեսանյութը՝ շուտով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ