ՖԱՖ ակումբը Ռուբեն Հայրապետյանից պահանջում է մեր հավաքականի համար բարձր կարգի մարզիչ, եւ վերադարձնել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ նա կոնֆլիկտ ունի
Քիչ առաջ Օպերայի տարածքից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները երթով շարժվեցին դեպի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք. երկրպագուներն այս պահին անցնում են Հյուսիսային պողոտայով, վանկարկելով՝ «Ֆուտբոլ ենք ուզում, մարզիչ ենք ուզում»:
Նրանք նաեւ պատասխան են պահանջում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից, որն, ըստ տեղեկությունների, այս պահին գտնվում է ֆեդերացիայի իր գրասենյակում: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՖԱՖ ակումբի անդամները նամակով դիմել էին Ռուբեն Հայրապետյանին՝ պահանջելով միջազգային կարգի մարզիչ բերել մեր ազգային հավաքականի համար, ինչպես նաեւ հետ բերել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ տարաձայնություններ ունի ունի ֆեդերացիայի ղեկավարը:
Այսօր իրենց պահանջած պատասխանի մեկամսյա ժամկետը լրացել է, ուստի ՖԱՖ-ի երկրպագուները պատասխան չստանալու պատճառով կազմակերպեցին այս երթը:
Կարդացեք նաև
Նշենք, որ չնայած երթը հսկում են ոստիկանները, բայց նրանք հսկում են ընդամենը, որ ճանապարհի թույլատրելի մասից երթի մասնակիցները չանցնեն, ոստիկանները չեն խոչընդոտում երթին, բայց մերթընդմերթ, երթի շարքերում ճայթուկներ են պայթում, ինչը արգելված է, սակայն ոստիկաններն այս առնչությամբ որեւէ գործողություն չեն նախաձեռնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ