Վարուժան Ավետիսյանը համարում է, որ հանրաքվեի ընթացքում իշխանությունները դիմելու են ընտրակեղծիքի
«Այս ռեժիմից բխող ցանկացած գաղափար, հատկապես, երբ այն փաթեթավորված է եւ պաճուճավորված է ավելորդ զարդերով եւ գեղեցկությամբ, արգահատանքի զգացում է առաջացնում ժողովրդի մոտ: Ժողովուրդը գարշում եւ խորշում է սրանցից»,- նոյեմբերի 16-ին՝ մինչ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ ռեալիթի շոուից է երեւում, թե ժողովուրդը ինչպիսի վերաբերմունք ունի. «Մեր ժողովուրդը շատ կուլտուրական է, եւ իր վերաբերմունքը շատ մեղմ է արտահայտում նրանց նկատմամբ, բայց եթե խորքը նայենք, այդտեղ շատ ավելին է ասվում, քան մարդիկ արտահայտում են, եւ բոլորն էլ լավ հասկանում են՝ ինչն ինչոց է: Ի դեպ այդ ռեալիթի շոուի մասին կուզեի երկու բառ ասել, որ դա, ըստ էության, վերածվեց այն կրկեսին, որից հայտնի դասականը փորձում էր խուսափել: Իսկապես, մեր հայրենիքը կրկեսի են վերածում, բացի այն, որ իշխանությունը յուրացրել են եւ վերածել հանցավոր համագործակցության, որին պետք է վերացնել եւ պատասխանատվության ենթարկել: Ուղղակի արդեն զավեշտի են վերածում ամեն ինչ՝ խեղկատակության: Մենք պետք է այս իրավիճակից դուրս գանք»:
Վարուժան Ավետիսյանը համարում է, որ հանրաքվեի ընթացքում իշխանությունները դիմելու են ընտրակեղծիքի. «Իրենք կողմնակիցների ռեսուրս չունեն, ակնհայտ է, որ ժողովուրդը զանգվածաբար դեմ է այս ամենին, չեն գնալու մասնակցելու: Այն մասն էլ, որ գնալու է, նրանց ջախջախիչ մեծամասնությունը դեմ է արտահայտվելու: Ակնհայտ է, մարդկանց մեջ ենք ապրում, բոլորն էլ այդ են ասում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ