Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Հազարավոր մարդիկ բավարար են, որպեսզի գործընթացը մտնի իր տրամաբանական հունի մեջ»

Նոյեմբեր 16,2015 18:48

Վարուժան Ավետիսյանը  համարում է, որ հնարավոր է մի իրավիճակ առաջանա, որի արդյունքում ռեժիմը գուցե չհեռանա դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, սակայն կհեռանա օրեր անց

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 13-ին Արաբկիր վարչական շրջանում իրազեկման երթ իրականացրեց: Մասնավորապես՝ փրկության ճակատի անդամները Կոմիտաս պողոտայի բնակիչներին եւ անցորդներին իրազեկում էին դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովրդին հասցրել են հոգնածության վիճակի, այդ պատճառով փրկության ճակատի հավաքներին մարդիկ սակավաթիվ են. «Բայց կա նաեւ ուրիշ հանգամանք, որ կարծում եմ ամենակարեւորն է, դա այն է, որ մարդիկ արդեն սպասում են կոնկրետ օրվան, կոնկրետ գործին: Բոլորն էլ գիտեն ինչն ինչոց է, բոլորին էլ հայտնի է, ի՞նչ ենք բացատրում մարդկանց, ամեն ինչ էլ պարզ է, գիտեն ինչ է կատարվում, ով է անում, ով է այդ չարիքի հեղինակը եւ դրա հետ ինչպես պետք է վարվել: Մարդիկ են, մեզ բոլորիս հորդորում, այսպես ասած, մեզ մեջքից հրում, որպեսզի մենք կազմակերպենք այդ գործը: Այնպես որ, շատ ասելիք եւ անելիք չկա»:

Վարուժան Ավետիսյանը  համարում է, որ հնարավոր է մի իրավիճակ առաջանա, երբ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, չհեռանա ռեժիմը, այլ հեռանա օրեր անց. «Այնպիսի իրավիճակ է, որ ինքը ո՛չ կարող է նախապես օրերով, ժամերով պլանավորել, ո՛չ էլ կարող է այդպիսի կանխատեսումներ անել: Կարեւորը բավարար որակի ժողովուրդ հրապարակում ունենալն է, որպես ժողովուրդի կամքը, իղձերը արտահայտող ուժի բեւեռ, քաղաքական ուժի բեւեռ, որը ունակ է խաղաղ, բայց հետեւողական գործողություններով ստիպել ռեժիմին, որ ենթարկվի ժողովրդի կամքին: Կարեւորը այդ գործոնը ձեւավորելն է, մնացածը արդեն տեխնիկայի հարց է»:

Նա ասաց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հույս ունի, որ դա տեղի կունենա. «Հազարավոր մարդիկ բավարար են, որպեսզի գործընթացը մտնի իր տրամաբանական հունի մեջ, եւ օրեր անց հասնի այնպիսի կրիտիկական վիճակի, որ հարցը լուծվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30