Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթության դեմ արշավ. կարծրատիպերի ու հավասարության բախում

Նոյեմբեր 16,2015 17:38

Հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակությանը ներառման հարցում հայաստանյան օրենսդրական դաշտում թեև բազմաթիվ դրական փոփոխություններ են արվում և նույնիսկ ներառական կրթության վերաբերյալ հստակ քաղաքականություն է ընդունվել, ըստ որի՝ տասը տարի անց արդեն բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական, սակայն հասարակության կարծրատիպային ընկալումները շարունակում են լրջորեն խոչընդոտել այս գործընթացի հաջողությանը:

Օգոստոսի վերջին, նոր ուսումնական տարվա նախաշեմին Երևանի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալի աղմկահարույց հայտարարությունը կրկին առաջ քաշեց հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ մեր երկրում առկա խտրական վերաբերմունքի հարցերը:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, խոսելով ներառական կրթության մասին, մտահոգիչ էր համարել այն փաստը, որ հաշմանդամություն չունեցող երեխաները պետք է նույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ:

«Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է: Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյոք սա մտահոգիչ չէ՞: Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»,- ասել էր քաղաքապետի տեղակալը, ում խոսքին հետևել էր տնօրենների բուռն ծափահարությունները:

Ashotyan

Այս հայտարարությունը լայն քննարկման արժանացավ. շատերը, հիմնականում հաշմանդամության խնդիրներով զբաղվող hասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները քննադատեցին պաշտոնյային, մինչդեռ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ոչ միայն չքննադատեց այս ելույթը, այլև հորդորեց «ոչ թե քարեր նետել, այլ համբերությամբ մաքրել ներառական կրթության քարքարոտ ճանապարհը» :

«Ներառականությունը փիլիսոփայություն է, պետք է համբերություն ունենալ այն կյանքի կոչելու համար: Ներառական ռեֆորմի պրոբլեմը ֆինանսականն ու կազմակերպչականը չէ, նաև մենթալիտետի պրոբլեմ է, մտածելակերպի պրոբլեմ է: Պրոբլեմը նաև մեր շատ ծնողների մեջ է, տնօրենների, մանկավարժների»,-ասել է Աշոտյանը, հերթական անգամ հաստատելով, որ հայ հասարակությունը, գոնե մտածելակերպի հարթությունում, դեռևս պատրաստ չէ լիովին ընդունել հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց:

Այդ օրերին հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանը ներառելու դեմ բավական ակտիվ ելույթներ էր ունենում նաև «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը՝ նշելով, որ ներառական կրթությունը հանցագործ համակարգ է, քանի որ «ստիպում է մեծամասնությանը հարմարվել պրոբլեմ ունեցողներին»: Գալաջյանը ներառական կրթությունը դիտարկում էր որպես աշակերտների «համատարած դեբիլիզացիայի ծրագիր»:

Գալաջյանը վստահեցնում է՝ շատերն են իր կարծիքին, պարզապես չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

«Գոյություն ուներ լռության պատ, ով ցանկություն ուներ որևէ ձևով քննարկելու, միանգամից պիտակավորվում ու վիրավորվում էր: Ես ընդամենը ջարդել եմ լռության պատը: Հիմա տեսնում եմ, որ արդեն մասնագետներն էլ հանգիստ կարողանում են քննարկել, այդ թվում նաև հեռուստաեթերից: Իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ առաքելությունն այդ հարցում ավարտված է»,-ասում է Գալաջյանը:

Չնայած այս քննարկումներին, ներառականությունը նորություն չէ Հայաստանում: Դեռևս 2005-ին ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված է նաև «ներառական կրթություն» հասկացությունը, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրա համատեղ ուսուցումն է իր հասակակիցների հետ համատեղ՝ հանրակրթական դպրոցում:

Իսկ արդեն 2014-ի դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ Հայաստանը հռչակեց ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք և որոշվեց, որ մինչև 2025 թ. Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական:

Ներառական կրթության քաղաքականության հիմքում երեխայակենտրոն մանկավարժությունն է, մեթոդի էությունը՝ յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների գնահատումն ու կրթության պրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսումը:

Ըստ ՀՀ հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2012թ. զեկույցի, Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8045 երեխա, նրանցից 1700-ը սովորում են հանրապետությունում 80-ից ավելի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 2700-ը` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Susanna Tadevosyan

Ներառական կրթության ծրագրերի իրականացմանն աջակցող, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը դրական տեղաշարժեր է տեսնում կրթության ոլորտում հաշմանդամների ներգրավման առումով, սակայն նշում է, որ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցողների նկատմամբ դեռևս ոչ ճիշտ ընկալում կա:

«Այն կանխակալ վախերը, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը սովորական միջավայրում կրթական գործընթացին կարող է վնասել մյուս երեխաների կրթությանը, վստահաբար եմ ասում, ընդամենը դեռևս առկա կարծրատիպերի և սխալ պատկերացումների հետևանք է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ներառական կրթությունը որևէ կերպ չի խոչընդոտել հաշմանդամություն չունեցող երեխաների կրթությանը , որևէ ձևով չի վնասել այդ երեխաների բնականոն զարգացմանը, ես կասեի նույնիսկ հակառակը»,­ – ասում է Սուսաննա Թադևոսյանը:

Ըստ նրա` մթնոլորտը դպրոցներում փոխվել է, երեխաները սովորել են միմյանց օգնել, աջակցել ավելի հանդուրժող ու բարի են դարձել, և այդ իրավիճակում, փոխօգնության մթնոլորտում զարգանում են բոլորը:

Ու եթե մայրաքաղաք Երևանում, որտեղ գոնե արտաքուստ առավել հանդուրժող կեցվածք կա հաշմանդամություն ունեցողների նկատմամբ, մարզերում իրավիճակը մի ծայրահեղությունից մյուսն է հասնում. հաշմանդամություն ունենալը շատ հաճախ շարունակվում է ընկալվել որպես ամոթալի երևույթ, իսկ եթե նույնիսկ հաղթահարվում է այդ կարծրատիպը, ապա հաշմանդամությունը խղճահարության պատճառ է դառնում:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի դպրոցներից մի քանիսը տարիներ առաջ անցել են ներառական կրթության, սակայն եղել են դեպքեր, երբ նույնիսկ դպրոցների տնօրենները, ուսուցիչները դպրոցահասակ երեխա ունեցող իրենց բարեկամներին, ծանոթներին հորդորել են խուսափել իրենց «առողջ երեխուն հիվանդ երեխեքի հետ նույն դպրոցը տանելուց»:

«Աղջկաս համար ընտրել էինք մեր տանն ամենամոտ գտնվող դպրոցը, որի ուսմասվարը տալոջս հարևանուհին է: Ասացինք իրեն մեր որոշման մասին, բայց ինքը միանգամից ասաց, թե գործ չունենք այդ դպրոցի հետ, այդտեղ ներառական կրթություն ա ներդրվում ու հեսա քաղաքում ինչքան ինվալիդ կա կբերեն, կլցնեն էդ դպրոց, էրեխեն զգացմունքային էրեխա ա, կնեղվի, մի խոսքով մի տեսակ վախեցա»,-պատմում է Սևանի բնակչուհի 30-ամյա Նունե Բադալյանը:

Նունեն վստահեցնում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց դեմ վատ չի տրամադրված, սակայն հավելում է, որ երբեք չի շփվել նրանց հետ, այդ պատճառով էլ լսել է ծանոթուհու հորդորը:

25-տարվա մանկավարժական փորձ ունեցող Տաթև Աբրահամյանը ցավով նշում է, որ երեխաներին շատ հաճախ խանգարում են հենց մեծերը:

«Իրականում երեխաների համար որևէ խնդիր չկա: Խնդիրը ծնողներն են ստեղծում: Եղել է ծնող, ով ասել է, որ չի տալու այդ դպրոց, քանի որ այնտեղ ներառական կրթություն է իրականացվում: Ծնողների կարծրատիպային մտածելակերպի խնդիրն է: Երեխաները շատ ավելի շուտ են մերվում, հատկապես եթե դասղեկը կատարում է ճիշտ աշխատանք այդ ուղղությամբ»,- ասում է Տաթև Աբրահամյանը:

Anna Badalyan

Հոգեբան Աննա Բադալյանն էլ կարծում է, որ հաշմանդամություն ունեցողներին ծաղրելը, չընդունելը դաստիարակության խնդիր է և ընտանիքը պետք է պատրաստի երեխային, իսկ հետո արդեն դպրոցը:

Սակայն ըստ հոգեբանի՝ ներառական կրթությունն ունի թե՛ իր դրական, և թե՛ բացասական կողմերը:

«Դրականն այն է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն արդեն փոքրուց ինտեգրվում են հասարակությանը, ադապտացվում են պայմաններին: Սակայն պետք է հաշվի առնել, արդյոք իրենք իրենց ֆիզիոլոգիական և մտավոր հնարավորություններով կարող են հասնել այն ռիթմին, որն ունեն դասարանի մյուս երեխաները»,-ասում է հոգեբանն ու հավելում՝ պետք է շատ նրբորեն աշխատել, որ չտուժի այն մարդն, ով չունի այդ խնդիրները:

«Պետք է շատ լուրջ հոգեբանական խմբի աշխատանք, խիստ կարևոր է մանկավարժի արհեստավարժությունը, հստակ մշակված ծրագիր է հարկավոր: Պետք է երկկողմանի նեցուկ լինել թե՛ հաշմանդամություն ունեցողներին և թե՛ մյուսներին: Մենք կարող ենք վնասել երեխաների հոգեկան աշխարհը: Հնարավոր է երեխայի մոտ մեղքի զգացում առաջանա տեսնելով հաշմանդամություն ունեցողին, խղճահարության գործոնն այս պարագայում պետք է վերացնել,-ասում է Բադալյանը:

Հաշմանդամություն ունեցող, լրագրող, 24-ամյա Անի Պետրոսյանը՝ կիսվելով սեփական փորձով, վստահեցնում է՝ երեխաների համար կապ չունի, թե դու ինչ խնդիր ունես, ինչ տեսք ունես, կարևորը՝ դու իրենց խաղընկերն ես, իրենց հետ հավասար կարող ես խաղալ, նստել նույն նստարանին:

«Ցածր տարիքում թե՛ դպրոցում, թե՛ բակում, երբևէ ներառման խնդիր չեմ ունեցել: Մանկուց ներառումը շատ կարևոր է իհարկե, ինչքան փոքր տարիքից լինես քո ընկերների հետ, միասին, իրար օգնելով մեծանաք, կարծում եմ մեր այս ոլորտում հասարակության առաջ դրված ներկայիս խնդիրներն ավելի քիչ կլինեն,-ասում է Պետրոսյանը՝ նույնպես հավելելով, որ շատ հաճախ հենց ծնողներն իրենք են պիտակավորում երեխաներին,-Ձեր դասարանի էս ինչ երեխան էս ինչ տեսքն ունի, կաղում է, սայլակ է օգտագործում և այլն: Եթե ծնողները չպիտակավորեն, գոնե ես երբևէ չեմ հանդիպել այդ պիտակներին երեխաների կողմից»:

Ավագ սերնդի մոտ կարծրատիպային այս մտածելակերպն ու պիտակավորումները համարվում են Խորհրդային տարիների ժառանգություն: Կար մտայնություն, թե ամբողջ խորհրդային հասարակությունը միայն առողջ, առանց խնդիրներով մարդկանցից պետք է բաղկացած լինի և մարդիկ հենց իրենք էլ ամոթ էին ապրում ընտանիքում խնդիրներ ունեցող երեխաների ծնունդից և ամեն կերպ թաքցնում էին նրանց:

«Հասկանալի է, որ հասակով ավելի մեծ մարդկանց համար այս ամենը շատ խորթ է, քանի որ տարիներ առաջ սա շատ փակ թեմա էր, իրենք գրեթե չէին հանդիպում հաշմանդամություն ունեցողների, այդ պատճառով էլ այժմ կարծրատիպային մոտեցումը շատ է հատկապես ավագ սերնդի մոտ»,- ասում է Պետրոսյանը:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30