Արդեն տեղեկացրել ենք, որ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Եվգենի Կասպերսկին Հայաստանում է:
Այսօր Կասպերսկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում կիբերհանցագործության եւ դրա դեմ պայքարի մասին «Վտանգների ինտերնետը» թեմայով դասախոսություն կարդաց:
Ըստ Կասպերսկու, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա վտանգները կարելի է 3 հիմնական խմբի բաժանել՝ կիբերհանցագործություններ, կիբերլրտեսության ռիսկերի աճ եւ առանցքային ենթակառուցվածքները վնասելուն ուղղված կիբերզենքերի կիրառման վտանգներ:
Կասպերսկին ներկայացրեց մի պատմություն, թե ինչպես են կիբեր հանցագործները բանկոմատներից հսկայական գումարներ հանել առանց անգամ այդ սարքերին կպնելով՝ ցնցելով աշխարհում տասնյակ բանկեր:
«Որոշ կիբերհանցագործներ այնքան պրոֆեսիոնալ են, որ կարող են շատ լուրջ վտանգավոր հարձակումներ անել՝ համակարգերը կոտրելով»,-ասաց Կասպերսկին:
Մանրամասն՝ տեսանյութում
Եվգենի Կասպերսկու կարծիքով՝ հաջորդ սարքը, որը կարող է հայտնվել կիբերհանցագործների հարվածի տակ, դա Smart-TV-ն է: Այսօր աշխարհում շատ են այն երկրները, որտեղ Smart-TV-ի միջոցով տարբեր վճարումներ են կատարում: Իսկ թե երբ կլինի այս խելացի հեռուստացույցների վրա կիբերհանցագործների հարձակումը, Կասպերսկին ասաց. «Ուղղակի ժամանակի հարց է, բայց մենք պատրաստ ենք, մենք սպասում ենք՝ երբ կլինի առաջին հարձակումը, մենք արդեն մեր նոր արտադրությունը գործի կգցենք»:
«Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադրի խոսքերով՝ կիբերտարածքում գործում են կազմակերպված հանցագործ խմբավորումներ, որոնք հսկայական չափերի հասնող վնասներ են տալիս իրենց կատարած հանցագործությունների միջոցով: Այդ խմբավորումներն, այսպես ասած՝ վիրտուալ համակարգում գրոհում են համակարգչային ծրագրերի վրա, որոնք սպասարկում են խոշոր արտադրություններ:
Ընդ որում, այդ հանցագործները վարձում են հաքերներին՝ կիբերհանցագործներին եւ կատարում իրենց «սեւ գործը»:
Կասպերսկին պատմեց, թե ինչպես են հարավամերիկյան նարկոբարոնները Եվրոպա թմրանյութ տեղափոխելու համար վարձել հաքերների, որոնք էլ կոտրել են համապատասխան ծրագիրն ու աջակցել թմրանյութը տեղափոխելուն: Թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես են հաքերները հարձակվել այլ խոշոր ընկերությունների համակարգերի վրա՝ դիտեք տեսանյութում
Կասպերսկին կանխատեսեց, որ առաջիկայում ամենաահավոր բանը, որ կարող է տեղի ունենալ, դա կիբերտեռորիզիմն է:
Թե ինչպես ու ինչ օբյեկտների վրա կարող են հարձակվել կիբերահաբեկիչները՝ դիտեք տեսանյութում:
Կասպերսկու խոսքերով՝ կիբերհանցագործությունների ու կիբեր ահաբեկչության դեմ պետք է պայքարել՝ կրթվելով ու նոր ՏՏ արտադրություններով:
Կասպերսկին դասախոսության վերջում իր գրպանից հանեց մի հին մոդելի հեռախոս եւ ասաց, որ դա Smartphone չէ, բայց անվտանգ է կիբերհարձակումների առումով. «Իմ նախկին հեռախոսն էլ է այս մոդելից եղել, եթե սա «մահանա»՝ ես նորից նույնից ձեռք կբերեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ