«Չի կարելի գնալ դեղատուն եւ առանց բժշկի նշանակման ձեռք բերել հակաբիոտիկ»,-այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցող ասուլիսում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որը քաղաքացիներին, բժիշկներին, գյուղմթերք արտադրողներին ու վերահսկողներին կոչ արեց զերծ մնալ անտեղի հակաբիոտիկ օգտագործելուց, նշանակելուց ու կիրառելուց:
Պարոն Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր ողջ աշխարհում լուրջ խնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Ըստ փոխնախարարի՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է:
Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ վարակիչ հիվանդությունները գրեթե մեկ դար բուժելի են, սակայն հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը նպաստում է, որ վերադառնանք մեկ դար առաջ` մինչեւ հակաբիոտիկների ստեղծումը, երբ մի շարք վարակիչ հիվանդությունների դեմ միջոց չկար,ինչի հետեւանքով հազարավոր մարդիկ էին մահանու.
«Կա առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ հակաբիոտիկի ձեռքբերումը պետք է լինի դեղատոմսով»:
Պարոն Խաչատրյանը նաեւ զգուշացրեց հակաբիոտիկով բուժումը կիսատ չթողնել, քանի որ այդ դեպքում մարդու օրգանիզմում առաջանում են այնպիսի շտամեր, որոնք վնաս են հասցնում հենց իրենց:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ պատիժ է նախատեսվում դեղատան աշխատակցին կամ պոլիկլինիկայի, կամ մեկ այլ բուժհիմնարկի բժշկին, որն անտեղի հակաբիոտիկ է նշանակում, պարոն Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը կարգավորվելու է դեղերի մասին օրենքով, սակայն մինչ այդ որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելու միջոց չկա:
Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանություններն առավել մանրամասն տեսանյութում
Եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, ապա ԱՀԿ-ի հաշվարկներով 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան 10 միլիոն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրիլիոն դոլար:
Ասուլիսի մեկ այլ մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանն ասաց, որ այս պահին աշխարհում գրանցվել է 480 հազար բազմադեղակայուն տուբերկուլյոզ, այսինքն՝ այդքան մարդու վրա այլեւս չեն ազդում տուբերկուլյոզի դեմ պայքարի երկու տեսակի դեղ:
Ըստ տիկին Ղուկասյանի, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի օրը նշվում է նոյեմբերի 18-ին, սակայն այս տարի ԱՀԿ-ն որոշել է մի ամբողջ շաբաթ` նոյեմբերի 16-22-ը հայտարարել հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթ:
Գայանե Ղուկասյանի խոսքերով էլ՝ հակաբիոտիկները պետք է նշանակվեն եւ կիրառվեն միայն անհարժեշտության դեպքում: Ըստ ԱՀԿ մասնագետի, արդեն իսկ թոքաբորբը, տուբերկուլյոզը, հոնորեան շատ դանդաղ են բուժվում եւ այդ հիվանդությունների բուժումը ավելի երկար է տեւում, քան նախկինում էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ