«Շանգալում մնացել է միայն մի քանի բնակավայր, որպեսզի այն վերջնականապես ազատագրվի: Թվում է՝ եզդիներն այժմ պետք է ուրախանային, նշեին այս իրադարձությունը, բայց ուրախանալու առիթ չունենք, նոր կոտորածների ենք սպասում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Հասան Հասանյանը
Նրա խոսքով, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի գլխավորությամբ ահավոր կոտորածներ են սկսվել եզդիների նկատմամբ . «Քրդերի առաջնորդ Բարզանին հիմա էլ հայտարարում է, որ Սինջարը ոչ թե եզդիներն են ազատագրել, այլ ինքը: Եվ վիրավորական է, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության համար ամբողջ աշխարհը ցավակցեց Ֆրանսիային ու հայտարարեց, որ աջակցում են, բայց որ վերջին տարիներին հարյուր հազարավոր եզդիներ են կոտորվում, աշխարհը չի նկատում ու չի արձագանքում»:
Եզդիները վիրավորված են նաեւ Հայաստանի կառավարությունից. « Իրաքից Հայաստան եկած 3 ընտանիքներին կառավարությունն այդպես էլ տեր չի կանգնում: Էլ ինչքան խնդրենք, սա ուղղակի վիրավորական է»:
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանն էլ ասաց, որ եզդիները մտադիր են սկսել Շանգալի եզդիական ինքնավարության հռչակման գործընթացը. «Քրդերը մշտապես ցանկացել են եզդիաբնակ բոլոր բնակավայրերն ընդգրկել Քուրդիստանի վիրտուալ տարածքների մեջ, իսկ հեռահար նպատակներում այդ երկրի կազմում նրանք տեսնում են նաև ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ