«Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Եվգենի Կասպերսկին Հայաստանում է. նա այսօր այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:
Կասպերսկին 6-րդ միջազգային ճանաչում ունեցող դեմքն է, որը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանանում է ՀՀ նախագահի մրցանակին:
Նախկին մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզանյակը, «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն եւ «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Արիո Մացցոլան:
«Ժամանակակից աշխարհում, որտեղ ազգերի հզորությունը կախված է նրանց տեխնոլոգիական և տնտեսական ներուժից, ՏՀՏ-ն համարվում է տնտեսական զարգացման կարեւորագույն երաշխիք: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ մենք շարունակաբար ականատես ենք լինում հայ մասնագետների նվաճումներին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հսկայական ներուժ, որն իր հերթին կարող է խթան հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար: Ուստի, մենք պարտավոր ենք աջակցել ազգային կարեւորության այսօրինակ ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նրա խոսքերով՝ 6-րդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախ եւ առաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության եւ աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող երկրի, ընկալմանը. «Մենք պետք է համախմբենք ջանքերը՝ հասնելու համար մի մակարդակի, երբ ՏՀՏ-ն կլինի երկրի առանձնահատուկ կարողություններից մեկը»:
Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ Կասպերսկու նման տաղանդները, հանճարները այցելում են Հայաստան՝ իրենց համապատասխան փորձն են փոխանցում հատկապես մեր երիտասարդ սերնդին, որը հիմքն է այսօրվա զարգացող ՏՏ ոլորտի. «Այս ծրագրի շրջանակներում մենք կարողանում ենք մեր երկրի անունն ավելի բարձրացնել, որովհետեւ այն տալիս է ճանաչում մեր՝ ՏՀՏ ոլորտին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Եվգենի Կասպերսկին անդրադառնալով նախագահի մրցանակին՝ շնորհակալություն հայտնեց, ապա ասաց. «ՏՏ անվտանգության ոլորտն աշխարհն ավելի լավը չի դարձնում, այն չի ազդում ՏՏ ոլորտի արտադրությունն ավելի զարգացնելուն, ավելի արագ լինելուն, ՏՏ անվտանգությունը մաքրում է ոլորտը կեղտից, եւ սա շատ անհրաժեշտ աշխատանք է: Կիբերանվտանգությունը չի օգնում ձեր համակարգիչներն ու հեռախոսներն ավելի արագ աշխատելուն, այլ՝ մաքրում է դրանք այն աղբից, որը չպիտի լիներ»:
Մանրամասն՝ տեսանյութում
«Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր ղեկավարն ասաց, որ մինչեւ օրս ամենաշատ կիբերհարձակումների է ենթարկվում Մայքրոսովթ Վինդոուսը (Microsoft windows), iPhone-ն ու iPad-ն էլ անմասն չեն մնում կիբերհարձակումներից:
«Վերջին շրջանում Անդրոիդ համակարգի (Android) վրա կիբերհարձակումներն ավելի արագ են աճում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ