Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՞», թե՞ «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին (Տեսանյութ) 

Նոյեմբեր 16,2015 16:00

Առցանց «Առավոտի» Դեմ առ դեմ հաղորդման շրջանակներում թեմայի շուրջ
բանավիճում են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը
եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան.– Հանրաքվեին հաշված օրեր են մնացել, բայց հասարակության մի զգալի հատված դեռ չի կողմնորոշվել՝ «այո՞» ասել սահմանադրական փոփոխություններին, թե՞ «ոչ»: Ո՞րն է այն գլխավոր փաստարկը, որը պետք է ստիպի մեր քաղաքացիներին «այո» կամ «ոչ» ասել:

Անուշ Սեդրակյան.- Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչու այդ հարցը դարձավ այսքան օրակարգային, ինչու ենք մենք գտնվում քարոզչամեքենայի ամենամեծ պտույտների շրջաբերականում: Ինչո՞ւ մենք հիմա պետք է շատ արագ, առանց հանրային երկարատեւ քննարկման, առանց նախապատրաստող փուլերի սկսենք քվեարկել: Միգուցե ես հիմա, լինելով քաղաքական էքսպերտ, քվեարկեմ «այո» կամ «ոչ» եւ սխալ լինեմ, որովհետեւ այդ ամենը համակողմանիորեն ուսումնասիրված չէ: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան շուտ: Թող սպասեին պառլամենտական ընտրություններն էլ անցնեին, նոր օրակարգ դնեին՝ ավելի կոմպետենտ պատգամավորների առկայությամբ քննարկելու հարցը: Գիտենք, որ այսօր պառլամենտ են մտնում մարդիկ, որոնց պառլամենտական միջավայրը օտար է, գործ չունեն մտավոր հարցերի, օրենսդրության հետ: Ինչո՞ւ այդ պատգամավորները պետք է քննարկեն Սահմանադրության պես կարեւոր փաստաթղթի խնդիրը, ինչո՞ւ այդ խումբը պետք է ներկայացնի ժողովրդին, եւ այդ ամենը պետք է արվի սեղմ ժամկետներում: Ո՞րն է դրա դրդապատճառը, իշխանությունն արդյո՞ք վերարտադրվելու ուրիշ ռեսուրս չուներ:

Արտակ Դավթյան.- Երկու տարուց ավելի ժամանակահատվածը բավական է, որպեսզի մենք պատրաստվենք սահմանադրական փոփոխություններին: Նոր չի, որ սա ասպարեզ է դուրս եկել, մեր սահմանադրագետները հրաշալի տիրապետում էին նյութին եւ ներկայացրել են այն նախագիծը, ինչը ունենք: Իսկ թե ինչու է ներկայացվել՝ դա այս համակարգի վտանգներն ու թերություններն են եւ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության: Այն երկրները, որոնք կառավարման խորհրդարանական մոդելն ունեն, 8 անգամ ավելին են, քան նախագահական, կիսանախագահական կառավարման երկրները:

Հ. Ջ.– Պարոն Դավթյան, Դուք ասացիք, որ սա ոչ թե վերարտադրման, այլ ժողովրդավարության համար է, ինժեներ Սերգեյ Միքայելյանը Ձեզ հարցնում է՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին ժամկետում սկսեց մտահոգվել Հայաստանի ժողովրդավարացմամբ եւ որոշեց փոխել Սահմանադրությունը:
Ա. Դ.- 2012-ի թվերը նայենք՝ եթե համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն հավաքել է 50 տոկոսից մի փոքր ավելի, ապա մեծամասնականով ՀՀԿ առաջադրած թեկնածուները հավաքել են 73 տոկոսից ավելի: Այս սահմանադրական փոփոխություններով անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, այսինքն՝ որեւէ խնդիր չկա վերարտադրության: Եթե մեկնակետը դա ես դնում, դա հնարավոր է ապահովել նաեւ գործող Սահմանադրությամբ:

Ա. Ս.– Եթե Սահմանադրությունը միտված լիներ ժողովրդավարության զարգացմանը, միգուցե ինքս ջատագով լինեի «այո»-ի, քան նույնիսկ ՀՀԿ-ն: Բայց եթե այդքան մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, ապա ինչո՞ւ է միտինգահեղափոխական գործունեության կասեցման եւ հնարավոր բոլոր շարժումների էմբրիոնալ խեղդման հարցը: Ես կողջունեի սահմանադրական բարեփոխումները, եթե այնտեղ լիներ ընդամենը մեկ կետ՝ իջեցնել ընտրական շեմը կուսակցությունների եւ հասարակական միավորումների համար, դարձնել այն 1 տոկոս, թույլ տալ, որ խորհրդարան հնարավորություն ունենան անցնել քաղաքականապես ակտիվ, բայց ոչ քաղաքականապես վարժեցված թիմեր:

Ա. Դ.- Ոչ գործող, ոչ նախկին Սահմանադրության մեջ այդ շեմը նշված չէ, այն նշվում է Ընտրական օրենսգրքում:

Հ. Ջ.- Տիկին Սեդրակյան, ֆեյսբուքյան օգտատերերն ուզում են իմանալ՝ եթե «ոչ» էիք ասելու այս Սահմանադրությանը, ապա Բաղրամյան 26 գնալու իմաստը ո՞րն էր:

Ա. Ս.– Պետք է հաշվի առնենք, որ Բաղրամյան 26 ե՛ւ նախագահի թեկնածուներ են գնացել, ե՛ւ բազմաթիվ քաղաքական ուժեր: Եկեք դա չկապենք քաղաքական դիրքորոշումների հետ: Ավելի ժողորդավարական երկրներում ավելի հաճախ են հանդիպում նախագահի հետ: Ցավոք, մեր երկրում խզված է քաղաքական համագործակցության առողջ բալանսը: Վերջերս էլ պարզվեց, որ սահմանադրական բոլոր չբարեփոխումերի պատճառն ընդդիմությունն է, թույլ է: Պարոն Դավթյան, ես 3 ամիս առաջ ասում էի, որ այս բարեփոխումները կարող են կապված լինել տարածքների արտահանձնման՝ միանձնյա պատասխանատվություն չկրելու հետ: Ես ասում էի՝ վախենալով, եւ ձեր պատգամավորը վերջերս հայտարարեց, որ այո, որոշ տերիտորիաներ պետք է արտահանձնվեն:

Ա. Դ.- Նույնիսկ գործող խորհրդարանի պայմաններում ես չեմ հավատում, որ 131 պատգամավորներից կգտնվի որեւէ մեկը, որը տարածքները փոքրացնելու հետ կապված կողմ կքվեարկի: Ես չգիտեմ՝ ով է նման հայտարարություն արել: Ես կարող եմ երաշխավորել, որ չի գտնվի մեկը, ով կողմ կքվեարկի:

Հ. Ջ.- Դուք ինչքանո՞վ եք վստահ, որ Սահմանադրությունը գործելու է եւ չի մնալու թղթի վրա:

Ա. Դ.- Եվ գործող Սահմանադրությունը, եւ այն, ինչ առաջարկվում է, հավատացնում եմ, որ թղթի վրա չէ, այն կատարվում է: Այս փոփոխությունների մեջ չկա որեւէ հիմնարար իրավունք, որն իրականության մեջ չիրագործվի:

Հ. Ջ.- Տիկին Սեդրակյան, օգտատերերից մեկը գրում է՝ ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները վերջերս վատացել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար կազմի հետ:

Ա. Ս.- «Ազատ դեմոկրատները» լիբերալ եւ թափանցիկ քաղաքական ուժ է: Եթե մեր հարաբերությունները վատանան, մամուլը առաջինը կարձագանքի: Եվ հետո՝ օգտատերը մոռանում է, որ տիկին Սեդրակյանը կուսակցության ղեկավարությունն է, եւ առայժմ ինքն իր հետ պրոբլեմ չունի: Համ էլ պարոն Դավթյան, մարդիկ որ ուզում են սոցիալական հարցերի Սահմանադրության երաշխավորը տեսնել, ուղղակի վատ եք սովորեցրել: Իրենց հետաքրքրում է՝ «այո»-ի համար փող բաժանելո՞ւ են, թե՞ չէ: Ես շարքային քաղաքացի եմ, հետաքրքրվում եմ:

Ա. Դ.- Եթե խոսքը ձեզ է վերաբերվում, կարող եք համոզված լինել, որ հաստատ ձեզ նման առաջարկ չի լինի:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30