Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Վստահ ենք՝ սահմանադրական փոփոխությունները իրական ճանապարհ են որակապես նոր երկիր կառուցելու հարցում»

Նոյեմբեր 16,2015 15:27

«Պետական հիմնասյուներ հանդիսացող նորմերն են, որ փոփոխվելու են բացառապես հանրաքվեի միջոցով»,- նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում մյուս նորմերը կարող են փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից, որովհետեւ սահմանադրական զարգացումների միջազգային փորձառության տեսակետից Հայաստանում ընդունված է մեկ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխելը. «Այսինքն՝ երբ կյանքը զարգանում է, առաջ է գնում եւ անհրաժեշտություն կա մայր օրենքի փոփոխության, մենք ունենք 1 տարբերակ, եւ այդ տարբերակը համաժողովրդական հանրաքվեն է: Մինչդեռ միջազգային պրակտիկայում բազմաթիվ մեխանիզմներ կան, դրանցից մեկը Սահմանադրության մեկնաբանման իրավասությունն է, մյուսը Սահմանադրության փոփոխությունն է որակյալ ձայների կողմից ազգային օրենսդիր մարմնի միջոցով, մեկ այլ մեխանիզմ սահմանադրական զարգացումների համատեքստում վերաբերում է սահմանադրական նորմերի կատարման վերահսկողությանը: Այս բոլոր հնարավորությունները ներառվել են այս նախագծում: Որեւէ վտանգ, որ կարող է առաջանալ սահմանադրական հիմնարար, հենասյունային հոդվածների առումով, չունենք մենք: Այլ բան, որ բարձրաձայնում եք այսօրվա Ազգային ժողովի պատկերը նկատի առնելով՝ արդյոք համահո՞ւնչ է նման իրավասության վերապահումը: Ամբողջ խնդիրը այն է, որ դա պետք է դիտարկել ոչ թե այսօրվա Ազգային ժողովի համապատկերի, այլ այն, որը պետք է ձեւավորվի, ըստ սահմանադրական փոփոխությունների, եթե դրական արդյունք ստանան»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ կարգավորման այնպիսի մոտեցում լինի, որ կառավարությանը պարտավորեցնի, իսկ փոփոխությունները կառավարությանը պարտավորեցնում են ամեն տարի ներկայացնել իր ծրագրերը, գործողությունները եւ արդյունքները: Ըստ նրա, այդ համակարգը նաեւ հնարավորություն է տալիս Ազգային ժողովին պատասխանատվության առաջ կանգնեցնել թե՛ վարչապետին, թե՛ կառավարությանն ամբողջությամբ, թե՛ առանձին նախարարի. «Մենք այսօր չունենք այս մեխանիզմը: Մենք ամբողջ մեր հույսը դրել ենք ընտրությունների միջոցով քաղաքական մեծամասնությունը փոխելու մոտեցման վրա գործող համակարգում: Ինչը կյանքը ցույց է տալիս, պրակտիկան ցույց է տալիս, մեր անկախ պետության վերականգնման այս ժամանակահատվածում անիրականանալի ցանկություն է, որովհետեւ միշտ մենք դժգոհում ենք, երբ ընտրություններից հետո տեսնում ենք պատկերը: Եվ այս ամենը ամբողջացնելով հանդերձ՝ մենք լիահույս ենք, մենք վստահ ենք, որ սահմանադրական փոփոխությունները իրական ճանապարհ են թե՛ բարձրաձայնված հարցերին լուծում տալու եւ թե՛ նաեւ որակապես նոր երկիր կառուցելու հարցում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30