Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքն անցնում է համընդհանուր ներառականության, թեեւ չունի հարմարեցված դպրոցներ

Նոյեմբեր 16,2015 15:07

Ըստ ԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանի, մոտակա 100 տարում դժվար էլ քաղաքաշինական առումով հարմարեցված դպրոցների հարցը լուծվի

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) փոխտնօրեն Անահիտ Բախշյանը օրերս է վերադարձել Սյունիքի մարզից: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը նշեց, որ Սյունիքի մարզում սկսվել են համընդհանուր ներառականության անցնելու աշխատանքները:

«Ըստ 2014թ. դեկտեմբերի 1-ի ԱԺ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի լրացումների եւ փոփոխությունների օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասի՝ «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Նախատեսված է, որ մինչեւ 2025թ. օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի համընդհանուր ներառական կրթության համակարգ: Իսկ սա նշանակում է, որ համայնքի բոլոր երեխաները պետք է սովորեն իրենց համայնքի դպրոցում, լինեն իրենց ընտանիքներում: Այդ ուղղությամբ արդեն տարբեր նախարարությունների կողմից դրական հաստատմամբ ժամանակացույց է ներդրվում, որը շուտով կհաստատվի կառավարության կողմից: Ըստ այդ՝ 2016 թ.-ից Սյունիքի մարզում իրականացվելու է համընդհանուր ներառման քաղաքականություն: Պետության այս կարեւոր հեղափոխական քաղաքականությամբ, փաստորեն, Սյունիքի մարզում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ «Հույսի Կամուրջ» հ/կ-ի ներդրումներով եւ կազմակերպմամբ սկսեցինք Սյունիքի մարզի դպրոցների բոլոր մանկավարժների վերապատրաստումը սեպտեմբեր ամսից սկսած: Որպես ԿԱԻ-ի փոխտնօրեն եւ ծրագրի կոորդինատոր, ես մշտադիտարկման էի մեկնել հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին, կլինի նաեւ դեկտեմբերին: Նպատակն է տեսնել թե դպրոցներում ինչպես են իրականացվել վերապատրաստումները, որքանով են դրանք հասու մանկավարժներին եւ ինչ արձագանք կա մանկավարժների կողմից»,- նշեց ԿԱԻ փոխտնօրենը, որը եղել է Կապանում, Գորիսում, Սիսիանում, ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում: Նա փաստում է, որ իր տպավորությամբ համընդհանուր ներառման գաղափարախոսությունը մեծ մասամբ ընդունելի է մանկավարժների կողմից, ու վերապատրաստումներն էլ տվել են ցանկալի արդյունք:

Aravot.am-ի դիտարկմանը՝ մի՞թե վերապատրաստվելն ու համապատասխան գաղափարին կրողը լինելը բավարար է համապատասխան կրթություն իրականացնելու համար, երբ կրթական հաստատությունների շենքերը հարմարեցված չեն անգամ Երեւանում, էլ ուր մնաց Սյունիքում:

«Դպրոցներն, այո, շենքային առումով պատրաստ չեն: Հույս դնել այն բանի վրա, որ մոտակա 100 տարում քաղաքաշինական տեսանկյունից կունենանք ավելի հարմարեցված միջավայրով դպրոցներ՝ նույնիսկ տեսլական չէ, չի երեւում դրա վերջը, բայց դա չի կարող խոչընդոտ լինել, որպեսզի մենք այսօրվանից այս գործընթացը սկսենք, եւ յուրաքանչյուր դպրոց՝ ընդունելով երեխային, ինքը սկսի մտածել պայմանների մասին: Օրինակ, թեքահարթակներ բոլոր դպրոցներն էլ կարող են ստեղծել, բայց վերելակ ունենալը ժամանակի խնդիր է, այն էլ տեւական, հետեւաբար սպասել հարմարեցմանը, հետո նոր ներդնել ծրագիրը, կնշանակի շարունակել այդքան տարի ոտնահարել մեր երեխաների կրթության իրավունքը»,-կարծում է Անահիտ Բախշյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30