«Եթե ես լինեի Եվրամիության փորձագետ այլ երկրում, եւ եթե ինձ էլ այդ կերպ հարց տային, ես էլ կասեի նույն բանը: Փորձագետների խնդիրն այն է, որ նրանք շատ են վստահում այն մարդկանց, որոնք այդ պահին նրանց կողքին են՝ տեղացիները: Բնականաբար, նման հարցադրման դեպքում անգամ ես նույն կերպ կպատասխանեի»,-այսօր Ծաղկաձորում ընթացող համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույի՝ վերջերս արված մեկնաբանությանը: Փորձագետն անընդունելի էր համարել Արմեն Աշոտյանի՝ քաղաքական հաղորդում վարելու փաստը:
«Իրականում, ինչպես տեսաք, հաղորդումը բացարձակ կապ չունի քարոզարշավի հետ: Ծրագիրն ավելի երկար կյանք է ունենալու, քան հանրաքվեի քարոզարշավը: Ծրագիրը բազմաժանր է, իսկ այն հաղորդաշարերը, որոնք նվիրվելու են քարոզարշավին, հարցադրումների տեսանկյունից լինելու են անաչառ: Ես իմ մեջ կպայթեմ նյարդայնությունից, բայց երբեք չեմ խառնվի կողմերի բանավեճին: Ես էլ ունեմ իմ քաղաքական հայացքները, բայց վարողի կերպարում դրանք չեն արտահայտվելու»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ