«Մենք ուսումնասիրել ենք, թե «Այո» կամ «Ոչ» ասողներն ովքեր են: Պարզ է, որ «Այո» ասողները իշխանություններն են, որոնք, բնական է, պետք է պայքարեն վերարտադրվելու համար: Կան մարդիկ, կուսակցություններ էլ, որոնք ասում են «Այո»՝ կերակրատաշտին մոտենալու համար: Իսկ «Ոչ» ասողները, մեր կարծիքով, նրանք են, որոնք ուզում են անպայման Ռուսաստանը պոկել Հայաստանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նրա ձևակերպմամբ՝ այն հայը, որը փորձում է Հայաստանն անջատել Ռուսաստանից, ճակատագրական սխալ է գործում. «Մեզ համար շատ կարևոր է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Մենք եղել ենք, կանք ու պիտի լինենք ռուս ժողովրդի հետ: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կլինի այն իշխանության կողքին, որը փայփայում ու ամուր պահում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը»,- հայտարարեց Տաճատ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոն երկու անգամ անդրադարձել է հանրաքվեի հարցին. «Երկրորդ քննարկման ժամանակ բյուրոյի գերակշիռ մասն արտահայտվեց հանրաքվեի ժամանակ «Այո» ասելու օգտին, բայց վերջնական որոշումը կլինի առաջիկայում կայանալիք պլենումի ժամանակ»,- տեղեկացրեց կուսակցության առաջին քարտուղարը, ապա նշեց, թե ինչու են այդպիսի պատկեր ստացել. «Ներկայացված նախագիծը մեկ քայլ առաջ է: Նկատի ունենք այն, որ կանցնենք խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրություններ կլինեն, փոքրաթիվ ընդդիմադիր կուսակցությունները հնարավորություն կունենան մասնակցելու իշխանությունների բոլոր թևերի ձևավորմանը»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ