Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Գեթ մեկ հոգի «Այո» այս երկրում չկա»

Նոյեմբեր 16,2015 14:18

«Նշել եմ, որ 300 անգամ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն կա, ոչ մի երկրի համար նորմալ չէ, ոչ մի կառույցի համար նորմալ չէ»,-նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ այդպես տնտեսություն չի կարելի պահել, երբ 1 տարվա ընթացքում նույն օրենքը 10-15 անգամ փոփոխության է ենթարկվում. «Ոչ մի բիզնեսմեն, ոչ մի հաշվապահ, ոչ մի տնտեսվարող ուղղակի չի հասցնում փոփոխության հետեւից, անգամ կառավարության անդամները հաստատ չեն կարող վերահսկել այդ 300 անգամ փոփոխությունները: Ես դա չեմ ուզում կապել Սահմանադրության հետ, ամենեւին»:

Նա ընդգծեց, որ երեկ է Վրաստանից վերադարձել, այնտեղ հանդիպել է բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ նաեւ իշխող հանրապետականների, որոնք նախաձեռնել էին սահմանադրական փոփոխությունները, որի արդյունքում կառավարման համակարգը կիսանախագահականից փոխվել է խորհրդարանականի: Արամ Մանուկյանի պնդմամբ՝ նրանք արդեն փոշմանել են. «Վրաստանը այսօր լուրջ խնդիրներ ունի, մի քիչ պակաս, քան մենք, բայց լուրջ խնդիրներ ունի՝ նույն տարածաշրջանում եւ տնտեսությունում, ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ կապված: Այս փուլում իրենք խոստովանում են, որ խորհրդարանական համակարգը, լինելով լավը, ամենեւին նրա մասին չէ, որ խորհրդարանական համակարգը կառավարման վատ մոդել է, այդպիսի բան ոչ մեկ չի ասել, ժամանակի խնդիր է, պատեհության խնդիր է եւ անհրաժեշտության խնդիր է եւ կարեւորության խնդիր է: Այս պահին վրացիները փոշմանել են, որովհետեւ լուրջ խնդիրներ ունեն եւ չեն կարողանում այս համակարգով աշխատել»:

Արամ Մանուկյանը հավելեց, որ այս ժամանակում գնալ նման արմատական փոփոխությունների, որոնք տակնուվրա են անում ամբողջ քաղաքական համակարգը, եւ նաեւ պատերազմական վիճակում լինելու պատճառով այս պահին կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա:

«Ես արդեն 40 համայնքում հանդիպումներ եմ ունեցել, 3-4 անգամ հանդիպում եմ ունեցել Ալավերդու ենթաշրջանում, եւ հավատացեք ինձ շուրջ 1400 հոգու հետ զրուցել եմ, գեթ մեկ հոգի «Այո» այս երկրում չկա: Ես ընդամենը հարց եմ տալիս ո՞ւմ էր պետք այս քյալլագյոզությունը, այս պահին բազմաթիվ այլ խնդիրները մի կողմ թողնելը եւ սրանով զբաղվելը: 1,5 տարի արդեն, մոռացած մեր բյուջեն, հեսա կտեսնեք, թե ինչ բյուջե են ներ բերել, հետնահանջի բյուջեն, մոռանալով մեր արտագաղթի՝ արդեն անվտանգության սահմանն անցնող քանակը, մեր արտագաղթի արդեն սարսափելի արագացող տեմպերը, թողել նստել ենք Սահմանադրություն ենք փոխում: Այն դեպքում, երբ գործող Սահմանադրությունը կարգուկանոն պահպանում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30