Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի խորհուրդը ՀԱԿ-ին

Նոյեմբեր 16,2015 14:14

«Այս ամենի մեջ ամենադրական ու պայծառ բանն այն է, որ ՀԱԿ-ը շարունակում է անվճար գովազդել իմ կողմից վարվող հաղորդումը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի` նիստի ժամանակ արած դիտարկմանը:

Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, որ դպրոցների տնօրեններին սահմանադրական փոփոխություններին «կողմ» քվեարկելու հրահանգ է տրված: Դրանում Լեւոն Զուրաբյանը մեղադրում է Արմեն Աշոտյանին`ասելով, որ դա հանցագործություն է:

Արմեն Աշոտյանը հրաժարվեց, որ նման հրահանգ կա: Ավելին, ասաց, որ ինքը տեղյակ էլ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց իրեն չի զարմացնում Լեւոն Զուրաբյանի «աղոտ պատկերացումները» կրթական համակարգի մասին: «Անգամ մեծ ցանկության դեպքում, կրթության և գիտության նախարարը չունի վարչական լիազորություն՝ հանձնարարություն տալու հանրապետության բոլոր դպրոցներին»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանն ասաց, որ Լեւոն Զուրաբյանը մինչ իրեն հանցագործության մեջ մեղադրելը, պետք է ապացուցի իր մեղավորությունը: Բայց, ըստ նրա, Զուրաբյանը դա անել չի կարող, քանի որ հնարավոր չէ գոյություն չունեցող բանն ապացուցել:

Ամեն դեպքում, Արմեն Աշոտյանին այս ամենում մի բան է ուրախացնում. «Որ իմ համեստ գործունեությունը քաղաքական առումով ՀԱԿ-ը բարձր է գնահատում»: Միայն հարկ է համարում ՀԱԿ-ականներին խորհուրդ տալ` չկենտրոնանալ միայն իր վրա. «ՀՀԿ-ն ունի հինգ փոխնախագահ: Եթե ՀԱԿ-ն իր բոլոր քարոզչական ներուժով այս էլ որերորդ օրն է արդեն դեմ է դուրս գալիս հինգից մեկին, բա էն չորսով ո՞վ է զբաղվելու: Կարծում եմ, տակտիկական առումով, ՀԱԿ-ի քաղաքական հաշվարկը սխալ է»:

Միայն իր վրա սլաքն ուղղելով, Արմեն Աշոտյանը կարծում է, ՀԱԿ-ը նպատակ է դրել համապատասխան պատասխան ստանալ`դառնալով «ոչ-ի Գյուլչիտայը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30