Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Մարուքյանին ու Հովհաննես Մարգարյանին նետեց, թե «ոտքի վրա օրենքներ եք բերում»

Նոյեմբեր 16,2015 14:04

Այսօր ԱԺ նիստում Էդմոն Մարուքյանի ներկայացրած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների փաթեթը 8-րդ նստաշրջանում քննարկելու հարցը դրեց քվեարկության:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այդ նախագիծը վերաբերում է սեփականազրկման արտադատական կարգին. «Բոլորս այդ հարցը քննադատության թիրախ էինք դարձրել, բազմաթիվ իմ գործընկերներ ասել են, որ կաջակցենք, հիմա խնդրում եմ աջակցել, որ պլենար նիստում քննարկվի հարցը»:

Սակայն Էդմոն Մարուքյանի հորդորը մեծամասնությունը չլսեց: Հարցը օրակարգ չմտավ: Կողմ քվեարկեց 47, դեմ 5 պատգամավոր եւ հարցը չընդունվեց:

Լուսատախտակի վրա քվեարկության պատկերն այլ էր, ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ: Հերմինե Նաղդալյանը բացատրեց, որ իրենց գործընկերները հայտարարել են բանավոր, որ դեմ են, չնայած սեղմել են կողմ-ի կոճակը. «Դրա համար ես հայտարարեցի 53 դեմ: Որոշումը չի ընդունվել»:

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Մարուքյանի մյուս նախագիծը նույնպես օրակարգ չմտավ, դեմ քվեարկեց 66 պատգամավոր, կողմ՝ 30, ձեռնպահ՝ 8:

Էդմոն Մարուքյանը դժգոհեց՝ «Տպավորություն կա, որ մենք կառավարության նախագծերը քննարկող եւ ընդունող ԱԺ ենք: Պատգամավորների կողմից ներկայացված նախագծերը քննարկման առարկա չեն դառնում, պլենար նիստ չեն մտնում»:

Քվեարկության դրվեց նաեւ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հայկ Բաբուխանյանի՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը: Այս նախագիծը վերաբերում է մեքենաների տեխզննմանը: Հովհաննես Մարգարյանը հորդորեց գործընկերներին, որ աջակցեն եւ ընդգրկեն օրակարգում՝ խոստանալով, որ բոլորի առաջարկները կլսեն ու ընդհանուր հայտարարի կգան:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իմպերատիվ կերպով այդպես մերժելը, որ օրակարգ մտնի՝ ճիշտ չէ, ի վերջո ԱԺ-ն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկեն, բանավիճեն եւ լրացնեն նախագծերը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների հետ կապված կառավարությունը մի մեծ փաթեթ է բերելու խորհրդարան եւ իրենք դեմ են այսպիսի կոսմետիկ փոփոխությունների, ուստի դեմ են քվեարկելու:

Բանավեճը եզրափակեց Գալուստ Սահակյանը: Նա դժգոհեց, որ պատգամավորները այսպես ոտքի վրա օրենքներ են բերում՝ առանց խմբակցությունների, կառավարության հետ խոսելու:

21 կողմ, դեմ 44, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց եւ այդ նախագիծն էլ չմտավ օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30