2015 թ. մարտի 19-ին հայկական շատ լրատվամիջոցներ արեցին հայտարարություն, որ «Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ(Էդգար Մարտիրոսյան, Սարգիս Գաբրիելյան, Գոռ Դարմանյան և Սամվել Հակոբյան) վիրավորվել են»: Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց և նույնպես դարձավ հավերժի ճամփորդ:
Հայ զավակների կորստի ցավը շատերիս դառնացրեց. տխրեցինք, սակայն եկավ նաև հպարտությունը, որ տղաներն ընկան՝ պաշտպանելով հայրենիքի սուրբ սահմանը: Ընկան՝ դիմակայելով իրենցից մի քանի անգամ ավելի թուրքերի՝ հատուկ նշանակության ջոկատայինների, որոնց մեծ մասը Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած վարձկաններ են եղել: Դիմակայեցին և ոչնչացրեցին մոտ 20 ասկյարի:
Մարտիրոսներից Հակոբ Խաչատրյանը հայոց բանակ էր զորակոչվել Քաշաթաղի շրջանից՝ 2014 թ. ամռանը: 2000թ. Հակոբենց ընտանիքը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում, որը փռված է շրջանի մայր գետ Հակարիի ձախափնյա հարթության վրա՝ Բերձորից մոտ 75 կմ հարավ: Այստեղ հասակ առավ Հակոբը, սովորեց ու բարձր առաջադիմությամբ ավարտեց գյուղի միջնակարգը և ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ:
Վերջերս Աղաձորի հարևան Իշխանաձոր գյուղի դպրոցին կից բացված ինտերնետ-ակումբը, ԵՊՀ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի առաջարկով, կոչվեց հերոսի անունով: Հակոբի մահվան օրը տարածքի համայնքների բնակչության, շրջվարչակազմի աշխատակիցների կողմից Աղաձորում կազմակերպվեց մոմավառություն, և նույն օրը, դպրոցի մոտ, գյուղի բնակիչ, փոխգնդապետ Արկադի Հարությունյանի կողմից եղավ առաջարկ՝ դպրոցը կոչել Հակոբ Խաչատրյանի անունով: Վերջերս դպրոցի անձնակազմը մանկխորհրդի նիստով նույն առաջարկով դիմեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին, և նրա որոշմամբ դպրոցը կոչվեց Հակոբ Գագիկի Խաչատրյանի անունով:
Նոյեմբերի 14-ին կայացավ անվանակոչությունը, որին ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, կրթության և սպորտի (ԿՍ), մշակույթի և երիտասարդության հարցերի (ՄԵՀ) բաժինների վարիչները, աշխատակիցներ, շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, նրա տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը, մոտակա զորամասի ներկայացուցիչներ, հարավային թևի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Աղաձորի ազգաբնակչությունը:
Շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵՀ բաժնի աշխատակցի կողմից հանդիսավոր մասը հայտարարվում է բացված: Հնչում է Արցախի օրհներգը, հայտարարվում լռության րոպե նաև՝ նույն օրը թշնամու գնդակից մահացու վիրավորում ստացած 2 հայորդիների հիշատակին:
Իրենց հերոս ու ավագ ընկերոջ կենսագրականը ներկայացրեցին դպրոցի սաները: Կատարեցին նրա սիրած ռազմահայրենասիրական երգերից, արտասանեցին Հակոբին նվիրված իրենց բանաստեղծությունը. «Դարձար առասպել, քաջարի զինվոր, կրծքովդ պահիր սահմանը հայոց…»:
Մինչ հերոսական նահատակությունը՝ եկել էր արձակուրդ, և պատմեցին, որ մորը տեսնելուց հետո շտապում էր հարազատ դպրոց և ուրախություն պարգևում կրթօջախի անձնակազմին: Պատմեցին՝ ինչպես էր մասնակցում մարզական ու ինտելեկտուալ մրցույթների, և Հակոբի շնորհիվ Աղաձորի թիմը հաճախ էր դառնում հաղթող:
Դասղեկ Ա. Նիկողոսյանը հիշում է, որ հանդեսների ժամանակ միշտ Հակոբն էր ընթերցում «Գնդի որդին» բանաստեղծությունը:
Ելույթի վերջում դպրոցականները խոստացան, որ նրա օրինակով են դաստիարակվելու: Ասացին նաև. «Հպարտ ենք մենք, որ քո հետ նույն դպրոցում ենք սովորել և հպարտ ենք, որ քո անունով դպրոցում ենք սովորելու»:
Աղաձորի գյուղական համայնքի ղեկավար Մկրտիչ Հարությունյանն ասաց, որ իրենց համայնքը հիմնվել է 1999թ. իսկ 2006-ին սկսեց գործել դպրոցը, որի շատ աշակերտներ ցուցաբերել են բարձր առաջադիմություն, բարձր պահել Աղաձորի ու Քաշաթաղի անունը: Նրանցից էր նաև Հակոբը, որն աչքի ընկավ նաև ծառայության ընթացքում, արժանացավ խրախուսանքների, սակայն հայրենասիրության ամենաբարձր դրսևորումը ցուցաբերեց 2015 թ. մարտի 19-ին՝ հայրենիքի անվտանգությունը վեր դասելով սեփական կյանքից:
Համայնքապետը շնորհակալություն հայտնեց Հակոբի ընտանիքին՝ համարելով արժանի, որ գյուղի դպրոցը կոչվեց քաջի անունով:
Դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանը, խոսելով իրենց աշակերտի, համագյուղացու մասին, ասաց. «Հայրենի հողին է խառնվել մեր պապերի ու հայրերի, մեր եղբայրների ու զավակների արյունը, և հողը դարձել է մեր արյունակիցը: Բոլորս պարտավոր ենք սիրել ու պաշտպանել այն: Ճակատագրի բերումով շատ կյանքեր են ընկել հանուն մեր երկրի ազատության ու անկախության, նրանցից եղավ նաև Հակոբը, ով ևս մեկ անգամ ապացուցեց, որ կան անուններ, որոնց կյանքը չի ավարտվում մահով»:
Հավելեց նաև, որ ցուցաբերած հերոսության համար Հակոբը 2015 թ. մարտի 19-ին ԼՂՀ Նախագահի, իսկ ՀՀ Անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալներով:
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի ելույթը սկսվեց «Հայրենիքի սահմանները սկսվում են մեզանից յուրաքանչյուրի տնից, իսկ հայրենասիրությունը՝ մեր ընտանիքներից» խոսքով: Այնուհետև անդրադարձավ 2015թ. մարտի 19-ի դեպքերին՝ նշելով, որ այդ օրը մեր ազգը ծնեց նոր Մոնթեներ, Լեոնիդներ, Թաթուլներ, Պետոներ: Ասաց, որ Հակոբը ցանկանում էր դառնալ պատմաբան և դասավանդեր հայրենի գյուղի դպրոցում, սակայն… Խոսքի վերջում Վ. Մովսիսյանը փառք տվեց բոլոր հերոսներին, ովքեր ընկան Արցախյան գոյամարտում, այն մարտիկներին ու զորավարներին, ովքեր մեր կողքին են և նրանց, ովքեր հայրենի սահմանն են պահում:
Դպրոցի հուշատախտակի բացումն իրականացրեցին Հակոբի հայրը՝ Գագիկ Խաչատրյանը և դպրոցի տնօրեն Լ. Հարությունյանը: Որդու անունով դպրոցի հուշաքարը բացելուց հետո Գ. Խաչատրյանը հուզված, արցունքն աչքերին խոսեց:
-Թող դպրոցներն անվանակոչվեն ի պատիվ մշակույթի, գիտության, գրականության բնագավառի գործիչների: Թող խաղաղություն տիրի աշխարհում, մեր որդիները ծառայեն խաղաղ պայմաններում, հերոսներ տանք մարզադաշտում, գիտության մեջ,- ասաց հերոսի հայրը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ գնում է Երևան, այցելում է Եռաբլուր, ծաղիկներ խոնարհում 2014 թ. հուլիսի 31-ին հերոսաբար մարտիրոսված Ազատ Ասոյանի շիրիմին: Որդին զորակոչվել է նույն զորամաս, և հրամանատարության կողմից նրան են հանձնվել Ազատի անձնական իրերը:
Ներկաները մուտք գործեցին դպրոց, որտեղ անցած դարի հայդուկների, Արցախյան գոյամարտի մարտիրոսների մասին պատմող լուսանկարների ու նյութերի կողքին Հակոբին նվիրված անկյունն է՝ նրա անձնական իրերով, տետրերով, լուսանկարներով, մեկ տասնյակից ավելի պատվոգրերով ու շնորհակալագրերով, «Արիության համար» մեդալի վկայականներով:
Դպրոցի նախկին տնօրեն, Հակոբի պատմության ուսուցչուհի Մարո Մինասյանը ցույց է տալիս իր սանի պատմության տետրը, որով պարապում էին, որ Հակոբն ընդունվեր համալսարան:
-Վախենում էի, որ չենք հասցնի, սակայն Հակոբը պարտություն չէր սիրում, մեծ հավատ կար նրա մեջ: «Կընդունվեմ»,-ասում էր. և ընդունվեց: Հակոբենց դասարանում, նրա նստարանին է նստած 8-րդ դասարանի աշակերտ Անդրեյ Ալեքսանյանը: Հիշում է ավագ ընկերոջը, ում հետ մտերիմ է եղել. հարևաններ են նաև:
-Հակոբից միայն լավն ենք տեսել և ցանկացել նմանվել նրան,-ասում է Անդրեյը՝ հավելելով, որ դպրոցն ավարտելուց հետո դառնալու է ռազմագիտության ուսուցիչ:
8-րդ դասարանցի Անդրանիկ Հարությունյանն ավելացնում է, որ Հակոբին սիրում էր՝ ինչպես ավագ եղբոր:
–Շատ բարի էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, ասաց Անդրանիկը՝ ցավ հայտնելով, որ այսօր նա իրենց հետ չէ:
Ռաֆիկ Ավոյանը սովորում է 11-րդ դասարանում, Հակոբի հետ մասնակցել է ինտելեկտուալ խաղերի:
-Խաղերի ժամանակ մեզ ոգի էր տալիս, հուսահատվել չէր սիրում: Ոչ մի վատ բան չենք տեսել նրանից,-հիշում է Ռաֆիկը:
Հակոբի քույրը՝ Նաիրա Խաչատրյանը, դպրոցում անգլերեն է դասավանդում: Սգավոր մոր՝ Գայանեի ձեռքից բռնած, եղբորը նվիրված անկյունն են դիտում, որի յուրաքանչյուր լուսանկար որևէ լավ ու հիշարժան դեպք է հուշում:
Զրուցում եմ սգավոր ու հպարտ այս կանանց հետ, ովքեր կորցրել են միակ որդուն ու եղբորը: Միայն ժամանակը և Հակոբի հերոս կերպարը կարող են որոշակի սփոփանք դառնալ նրանց համար:
Քաջի մասին խոսեցին համագյուղացիները, հարևան բնակավայրերի բնակիչները, և բոլորի խոսքը մեկն է. «Հակոբն անմահ է իր սխրանքով, իր կարճ, սակայն ընդօրինակելի կյանքով»: Հրաժեշտ ենք տալիս Աղաձորին: Եվս մեկ անգամ բարձրանում եմ այն կանաչ տարածքը, որտեղ այս տարվա մարտի 21-ին հիմք դրվեց գյուղի հանգստարանի. քաջի շիրմի մոտ Հայոց 2 հանրապետությունների Եռագույններն են փողփողում: Հայրը որոշել է այստեղ մատուռ կառուցել:
Զոհրաբ Ըռքոյան