«ԵՊՀ-ում ուսանողների հանդեպ ճնշումներ չկան, ավելին՝ մեր ուսանողները միշտ էլ աչքի են ընկել իրենց ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ ազատ հայացքներով: Ճնշումների մասին խոսելն իսկապես անլուրջ է»,-այսօր Ծաղկաձորում կազմակերպված «Բարեվարքության ամրապնդում բարձրագույն կրթության համակարգում» խորագրով համաժողովի շրջանակում լրագրողներին ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ խոսելով սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բուհերում հնարավոր քարոզչության եւ ճնշումների մասին:
Ռուբեն Մարկոսյանն ասաց, որ տեղյակ չէ վերջերս ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման մասին. «Գուցե քննարկում է եղել, բայց դա չի կարելի քարոզչություն անվանել: Հասկացեք, որ ակադեմիական միջավայրում հեշտ չէ քարոզչություն իրականացնել: Ենթադրենք, մեկը եկել է եւ սահմանադրական բարեփոխումների դրական կամ բացասական կողմերի մասին խոսել…ես դա չէի անվանի քարոզչություն: Ի վերջո, գործ ունենք 21-րդ դարի գիտակից ուսանողի հետ»:
Մարկոսյանը փաստեց, որ ԵՊՀ ռեկտորը Հանրապետական կուսակցության անդամ է, բայց դա չի կարող ուսանողների համար ցուցիչ լինել. «Բացի այդ, ռեկտորի սահմանադրական իրավունքն է հարել որեւէ կուսակցությանը, նա մինչեւ ռեկտոր ընտրվելն էլ է եղել կուսակցական»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ