Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է կանանց ձեռներեցության շաբաթը

Նոյեմբեր 16,2015 14:00

Հայաստանի կին գործարարները մեծ
ներուժ են երկրի տնտեսության զարգացման համար

Եկող շաբաթվա սկզբից Հայաստանում կմեկնարկի կանանց ձեռներեցության շաբաթը, որի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 16-ից՝ 22-ը:

Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել են աշխարհի ավելի քան 140 երկիր: Կանանց ձեռներեցության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 19-ին, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 2014 թվականին:

Հայաստանում այդ միջոցառումներն իրականացնում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ ՀՀ Կին ձեռներեցների ցանցը:

ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն ընտրվել է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա (WED Armenia) Հայաստանի դեսպան:

«Առավոտի» հետ զրույցում Լիլիթ Ասատրյանն ասաց, որ միջոցառման նապատակն է մասնակից լինել համաշխարհային շարժմանը եւ մաս կազմել դրան, քանի որ սա ՄԱԿ-ի կողմից սահմանված օր է. «Նպատակն է նաեւ ուշադրություն հրավիրել կանանց ձեռներեցության, դրա զարգացման, կարեւորության եւ հիմնախնդիրների վրա, հերթական անգամ խրախուսել՝ երկրների մակարդակով, կանանց ձեռներեցության զարգացմանը»:
Լիլիթ Ասատրյանը վստահեցրեց, որ Հայաստանի կանայք մեծ ներուժ ունեն եւ կարող են երկրի զարգացման գործընթացում շարժիչ ուժ լինել. «Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացում կանանց մասնակցությունն, ի դեմս կին գործարարների, կարող է շատ մեծ լինել: Ցավոք, կանանց ներուժը գրեթե բոլոր ոլորտներում ճիշտ չափերով չէ դրսեւորվում, իր լավագույն ձեւով ու ծավալով չի ընդգրկվում: Այսինքն՝ ոչ քաղաքականության մեջ, ոչ տնտեսության մեջ կանայք չունեն այնքան մեծ մասնակցություն, իսկ ավելի շատ ընդգրկվածության դեպքում, միանշանակ ավելի լավ կլիներ: Այս առումով, ես կարծում եմ նմանատիպ միջոցառումները, որոնք ավելի շուտ ունեն խրախուսական եւ համախմբման բնույթ՝ հերթական անգամ պետական մարմիներին եւ կանանց, պոտենցիալ ձեռներեցներին մտածելու տեղիք տվող միջոցառումներ են, որպեսզի ռեսուրսներն ավելի ճիշտ եւ նպատակային օգտագործեն»:

Մեր հարցին՝ թե այսօր Հայաստանում կին ձեռներեցները հատկապես ինչ խնդիրների են հանդիպում, տիկին Ասատրյանն ասաց, որ կին գործարարները հատկապես բախվում են շուկայի սահմանափակումներին, արտահանում կազմակերպելու, ավելի մեծ շուկաներ գտնելու խնդիրներին. «Սա խոչընդոտում է եւ կանանց ձեռներեցությանը, եւ հատկապես դա է պատճառը, որ կանայք ավելի շատ ընդգրկված են մանր ու միջին բիզնեսում: Իհարկե, հարկային որոշակի քաղաքականության խնդիր էլ կա: Չնայած կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, այդ թվում ընտանեկան բիզնեսի խրախուսման ուղղությամբ, բայց հատկապես կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին, գյուղական բիզնեսներին ավելի շատ հնարավորություններ պիտի տան: Այս ուղղությամբ դաշտում շատ անելիքներ կան»:
ՀԿԵԱ-ի նախագահն ասաց, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված կանայք բիզնես են ծավալում եւ արտադրության եւ ծառայությունների ոլորտում. «Բայց եթե դիտարկենք ծառայությունների ոլորտը, ապա, հատկապես մարզերում կանայք զբաղվում են հյուրատների բիզնեսով, հյուրասիրություններ կազմակերպում, սննդի փոքրիկ կետեր են աշխատեցնում: Իսկ արտադրության ոլորտում, կրկին մարզերում՝ առաջին անհրաժեշտության սննդի արտադրության ոլորտում են՝ հաց, հացամթերք: Մենք, որպես կառույց, ավելի շատ խրախուսում ենք արտադրական ոլորտներին, որպեսզի կանայք արժեքներ ստեղծեն, արտադրանք տան, զարգացնեն գյուղական տուրիզմը, էկոտուրիզմը, մասնակից լինեն համայնքների զարգացմանը»:

Տեղեկացնենք, որ ՀԿԵԱ-ն եկող շաբաթվա ընթացքում կազմակերպելու է հետեւյալ միջոցառումները՝ նոյեմբերի 17-ին՝ կլոր սեղան քննարկում «Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում» թեմայով:
Նոյեմբերի 19-ին՝ Կանանց ձեռներեցության միջազգային օր: Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Նոյեմբերի 20-ին՝ «Կանանց ձեռներեցության իրավիճակը եւ զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում. այն անցկացվելու է Լոռու մարզում: Նոյեմբերի 20-ին՝ «Իմ հաջողակ բիզնեսը» լուսանկարչական աշխատանքների մրցույթ, որի նպատակն է նկարների միջոցով լուսաբանել Հայաստանի կին ձեռներեցների գործունեությունը:

Նոյեմբերի 18-ին, 21-ին, 22-ին՝ ճանաչողական այցեր Լոռու, Արագածոտնի եւ Կոտայքի մարզեր, այցելություններ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30