Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյաննն առաջարկում է խավիար ուղարկել ԵԽԽՎ, Գալուստ Սահակյանը չի ուզում՝ խավիար չկա ուտենք (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 13:23

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե չի՞ հրավիրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին եւ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ընդունված խայտառակ բանաձեւի ընդունման հետ կապված բացատրություններ չի՞ պահանջել:

Հիշեցնենք, որ խոսքը «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մի քանի գրավյալ տարածքներում» բանաձեւի մասին է:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, սա արդեն այն հարցն է, որը միայն ԵԽԽՎ պատվիրակության ներքին խնդիրը չէ: Գալուստ Սահակյանն ասել էր, որ չպետք է ոչ մեկին մեղադրել ստեղծված իրավիճակի համար:

Փաշինյանը համաձայնեց. «Ես համաձայն եմ, որ չպետք է վհուկների որս սկսել, դա երբեք չի կարելի, բայց կարծում եմ, առնվազն երկու հարցի վերաբերյալ ԱԺ-ն ու հանրությունը շատ հստակ պատասխաններ պիտի ստանա՝ որքանո՞վ է արդյունավետ աշխատել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը՝ որպես ամբողջություն եւ այդ պատվիրակության անդամները՝ առանձին-առանձին եւ որքանո՞վ է պատվիրակությունը համագործակցել արտգործնախարարության հետ այս հարցում: Ամենավտանգավոր բանը ես համարում եմ այն, որ մենք մեր արտաքին քաղաքականության ձախողումներն անընդհատ կապում ենք այսպես կոչված ադրբեջանական խավիարային դիվանագիտության հետ: Այդ կապակցությամբ այլ բան ասել, քան հետեւյալը, չի մնում՝ եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե չարժի՞ պատվիրակություն ուղարկել ընդհանրապես, այլ այդ պատվիրակությանն ուղարկելու փոխերով խավիար առնենք եւ ուղարկենք ԵԽԽՎ»:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Չի կարելի խավիարը որդեգրել որպես հաղթանակի միջոց, ոչ էլ պարտության միջոց: Առանց էն ել մենք չենք էլ կարողանում օգտվել այդ խավիարից, օդի մեջ խոսում ենք»:

Հերմինե Նաղդալյանը, որպես պատվիրակության ղեկավար, արձագանքեց՝ ասելով, որ իրենք թափանցիկ են աշխատում, եւ այդ աշխատանքը տեսանելի է բոլորի համար:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ առաջարկեց խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել ԱԺ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտությունը. «Սա իսկապես մի իրավիճակ է, որ կշռադատված, նպատակային հայտարարություն այսօր անհրաժեշտ է»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ արդեն բավականին լուրջ ռազմավարություն են մշակել եւ այլ գործիքներ էլ կմշակեն. «Եթե ի մի բերենք նաեւ հայտարարության տեքստ, շատ լավ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30