Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհեր այսօրվա մասին

Նոյեմբեր 16,2015 13:19

Մեր ժողովրդի կենսական շահերի պաշտպանությունը պահանջում է պետության կարգավորիչ դերի մեծացում բոլոր ոլորտներում և սոցիալական ռեֆորմներ, ինչը միաձույլ կդարձնի մեր ազգը` դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին:
Գլոբալիզացիայի պայմաններում մեզ պարտադրված լիբերալ ժողովրդավարությունը ոչ միայն ճգնաժամ է ապրում Արևմուտքի երկրներում` աճող գործազրկության, սոցիալական լարվածության, հասարակության քայքայման և մարդու օտարացման ձևերով, այլև չի առաջադրում որևէ դրական նպատակ, որը կնպաստեր հասարակության բարոյական առաջադիմությանն ու առողջացմանը:

Եվրոպական երկրների միավորումը ակնհայտ փորձ է` փրկելու արևմտյան աշխարհը տնտեսական ճգնաժամից, որը, սակայն, հոգևոր-մշակութային և քրիստոնեական հումանիզմի ճգնաժամն է: Արևելյան Եվրոպայի երկրները ԵՄ-ի կողմից օգտագործվում են հումքի և էժան աշխատուժի, մտավոր պոտենցիալի արտահանման համար, ինչը թուլացնում և ստրկացնում է այդ երկրները:

100 տարի առաջ գերմանացի մտածող Օ. Շպենգլերը նկատել է, թե «տնտեսության մասնավոր ուժերին ազատ ճանապարհներ են անհրաժեշտ նոր, վիթխարի ունեցվածք ձեռք բերելու համար, և ոչ մի օրենսդրություն չի կարող կանգնել նրանց ճանապարհին, որովհետև նրանք օգտագործում են իրենց ստեղծած դեմոկրատիան և վճարովի կուսակցությունները»: Փողի միջոցով կապիտալի տերերը հասնում են իշխանության, իսկ «ընտրությունների անցկացումը դառնում է նախօրոք պայմանավորված խաղ, որը ներկայացվում է որպես ժողովրդական ինքնորոշում»: Այսպիսով, լիբերալ հասարակության մեջ կապիտալը վեր է ածում մարդու տեր ու տիրակալի:

Այսօր տնտեսական զարգացման անհրաժեշտությունը պահանջում է լինել արագ զարգացող աշխարհի մի մասը: Սակայն գերակա է լինել այդ աշխարհի մեջ առանձին կշիռ ունեցող անկախ միավոր, պահպանելով հատուկ ընդգծված հայկական աշխարհի դրոշմը` «անվավեր փառքը դարձնելով վավեր» և «խեղճությունը հազարամյա» աշխարհին ուղղված Խոսք և Գործ: Ինչպե՞ս լինել շրջանի մեջ և միաժամանակ այդ շրջանից դուրս:
Մշտապես առկա արտաքին վտանգին դիմադրելու պատրաստ ժողովրդին իր երկրում ուժեղ իշխանություն է պետք, սոցիալական արդարության և իրավական պաշտպանվածության համոզմունք. ոչ կեղծ դեմոկրատիա կամ դեմոկրատիայի անունից խոսողներ: Մեզ անհրաժեշտ է պահպանել նախագահական ինստիտուտը, ոչ միայն այն պատճառով, որ ուժեղ իշխանությունը հիերարխիկ կառուցվածք ունի:
Համաժողովրդական ընտրության արդյունքում օրինական ընտրված նախագահը կարող է հակակշիռ լինել տարբեր մասնավոր շահեր արտահայտող խմբավորումներին և արտահայտող խմբավորումներին և կուսակցություններին:

Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեդիա, Նորվեգիա, Ճապոնիա… շարքը կարելի է շարունակել: Հենց այն երկրներում, ուր պահպանվում է թագավորական իշխանության ավանդույթն ու հեղինակությունը, հույս կա, որ ժողովուրդը կկարողանա պահպանել իր ազգային արժանապատվությունն ու հայրենասիրությունը, հավաքական ոգին ու գիտակցությունը:

Այսօր ինչպես էլ որ փորձեն փոխել Սահմանադրությունը, (պարզ է, արտաքին ճնշման տակ), նպատակը մեկն է` մասնատել, բաժան-բաժան անել հասարակությունը, ընդ որում իշխանությունների կողմից պատասխանատվության աստիճանը հասցնելով նվազագույնի: Մեր ժամանակաշրջանում, երբ «տնտեսական գործոնները հաղթում են պետականության գաղափարին», եվրոպական շատ երկրներ վեր են ածվում ծայրամասի: Դրանք հետաճող, անհատապաշտական և հեդոնիստական հասարակություններ են, որոնց պառլամենտները դարձել են խոշոր կապիտալ ունեցող մասնավոր շահերի արտահայտիչները:
Եվրոպական մշակույթի, քաղաքացիական հասարակության էրոզիան մատնացույց են անում, որ մեր Հայրենիքի Սահմանադրությունը աներկբայորեն պետք է պաշտպանի երկրի ինքնիշխանությունը: Արտաքին ճնշումը ետ մղելու համար անհրաժեշտ է ազնվական ավանդույթ, որն ունի մեր ժողովուրդը, ինչը թույլ չի տա, որ երկիրը վերածվի անկլավի, որովհետև պետականության պահպանումը մեր հարատևության երաշխիքն է:

***

Այսօր կապիտալի աշխարհը չի ընդունում ազգային ավանդույթների, արժեքների և սահմանների գոյությունը: Մինչդեռ հազարամյակների հեռվից լսվում է Պլատոնի ձայնը, թե «սահմանն է չափ ու կարգի հիմքը»:

Կեղծ տեսություններ, ծախու գրչակներ, որոնք անարժան ու անպատիվ գրքեր են գրում` փորձելով մոլորեցնել շատերին: Նրանց կարծիքով «ազգությունը բնական հատկություն չէ», ժողովուրդների հայրենիքները ընդամենը «սոցիալական պայմանականություններ են», իսկ «քրիստոնեությունը` օտարացման և ստրկության նոր ձև» (ֆուկույամա):
Վաղուց Եվրոպան այն աշխարհը չէ, որի կյանքի մակարդակն այդքան հրապուրիչ էր ավելի թույլ զարգացած երկրների համար: Ավանդական արժեքները պահպանող Հին աշխարհը անցյալ դարի վերջի տասնամյակներից անշեղորեն անկում է ապրում: Դարերի ընթացքում ստեղծված մշակութային անգնահատելի արժեքներն օտարվում են, խորթանում եվրոպացու կյանքից: Խոսելով եվրոպական ճգնաժամի մասին 20-րդ դարի իսպանացի մտածող Օրտեգա-ի-Գասերը գրել է. «Մշակույթի ներկա դրությունը ակնառու կերպով ցույց է տալիս մեր կյանքի անբարոյականությունը: Հատկապես հիմա Եվրոպան քաղում է իր հոգևոր զարգացման դառը պտուղները: Եվրոպացիները երկար ժամանակ առանց հոգնելու կառուցում էին իրենց մշակույթի շենքը, բայց այդ կառույցը հիմք չուներ»:
Այսօրվա Եվրոպան խոր հիասթափություն է առաջացնում` կյանքի անկման զգացողությամբ, երկակի ստանդարտներով, գաղափարական սնանկությամբ, այն ամենի կորստով, ինչն այդքան հաստատուն էր թվում: Այնինչ մեզ պարտադրվում են փուչ ձևեր, որոնք կապ չունեն մեր ինքնության հետ: Մեզ փորձում են հրահանգել` ինչպես դաստիարակենք ու կրթենք մեր երեխաներին, մինչդեռ նիհիլիզմը, հեգնանքը քրիստոնեական հումանիզմի հանդեպ Հին աշխարհը հասցնելու են բարբարոսության: Ուրեմն ինչո՞ւ են մեզ պարտադրվում սահմանադրական փոփոխություններ, որոնք կթուլացնեն մեր պետականության հիմքերը…

Մեզ համար կարևոր է այն ազատությունը, որի հիմքում բարոյական արժեքների համակարգն է, անձի պատասխանատվությունը հասարակության մյուս անդամների, երկրի շահերի և միասնության համատեքստում:

Քաղաքակիրթ կոչված Եվրոպայի բնակչության գերակշիռ մասն ապրում է վարձով բնակարաններում, թափառելով մի տեղից մյուսը` «ինչպես որսորդներն ու հովիվները նախապատմական ժամանակներում, երկրից երկիր` վերածվելով քոչվորի, նաև` հոգևոր իմաստով». (Շպենգլեր) Դեպի բռնապետություն կամ դեպի քաոս գնացող ԵՄ-ը, կարծում եմ ինքը կարիք ունի Նոր Սահմանադրության:

***
Կյանքը գնալով կդառնա ավելի դաժան ու ավելի աղքատ, եթե մենք չսահմանափակենք մասնավոր սեփականության սկզբունքը` ստեղծելով ազգային պետական ձեռնարկություններ, իսկ գյուղական համայնքներում` կոլեկտիվ տնտեսություններ: Մարդիկ կկարողանան համագործակցելով աշխատել ու ապրել` պահպանելով գյուղական համայնքը, որ հայրենիքի հիմքն է: Գյուղերում արհեստի կենտրոնների, մշակույթի տների ստեղծումը, փոքր ձեռնարկությունների հիմնումը կապրեցնի, կհամախմբի ժողովրդի ներքին ուժերը: Դաստիարակելով սերնդին` մենք նորից կսիրենք աշխատանքը և կպահպանենք մեր հոգևոր ինքնությունը, ինչն էլ իր հերթին խթան կդառնա հետագա զարգացման համար: Չմոռանանք, որ Հին Հռոմի պես հզոր պետությունը խորտակվեց նաև այն պատճառով, որ չէր կարողանում կերակրել իր բնակչությանը:
Այսօր տպավորությունն այնպիսին է, որ մենք մխրճվում ենք մի նոր միջնադարի մեջ` արժեքների վերահաստատման, ներքին ուժերի պահպանման անհրաժեշտությամբ: Հոգևոր հենարանի և անխախտ կենտրոնի անանց, անժխտելի դերը Հայոց Եկեղեցունն է, որովհետև Քրիստոնեությունը մեր ժողովրդին իրական ազատության և բարոյական առաջադիմության հիմքն է:

Իրականությանը նայելով բաց աչքերով` արիություն և կամք կունենանք հաղթելու, գիտակցելով, որ պատմությունը գոյության իրավունք է տալիս ուժեղ, հաստատուն ռասսային, զոհաբերելով այն մարդկանց և ժողովուրդներին, ում համար զուտ «ճշմարտությունը վեր է գործունեությունից և պայքարից, իսկ արդարությունը` իշխանությունից»:

Սուսաննա Մեսրոպյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30