Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Մի համոզեք, որ ՕԵԿ-ը ջեմ չի բաժանում և բովանդակային առումով կապված չէ ՀՀԿ-ին»

Նոյեմբեր 16,2015 13:13

Քաղաքական ուժերը մտահոգություն ունեն, որ սահմանադրական հանրաքվեն ևս լինելու է ուրվականների ընտրություն: ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը «Հայացք» մամուլի ակումբում մտահոգություն հայտնեց, որ ոչ «այո»-ն է կարողանում հիմնավորել այսօրվա բարեփոխումների անհրաժեշտությունը, ոչ էլ «ոչ»-ի կողմնակիցները: Ուստի գաղափարական տեսանկյունից որևէ քննարկում չի գնում:

ՍԴՀԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ Նարեկ Գալստյանի պնդմամբ՝ չի կարող իր ծրագրային դրույթներին դեմ քվեարկել:

Նա մասնավորապես ասաց. «Սահմանադրությունը չէ, որ վաղը մեր ժողովրդին հաց է տալու և վաղը մեր քաղաքացուն թույլ չի տալու արտագաղթել: Երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, այն արատավոր համակարգը, որ շահագործել է մեր ժողովրդին, ունի լրջագույն խնդիր: Դա նախագահական համակարգն է, վերևից ներքև իմպերատիվ ձևով գործող: Այդ ամենի արդյունքում ունեցանք մարտի 1, ունեցանք ապրիլի 12 լույս 13»:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը հայտարարեց, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին: Նա մասնավորապես ասաց. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, արտագաղթի հիմնական պատճառը սահմանադրությունը չէ: Սահմանադրությունը չէ մեղավոր, որ երկրում առկա է սահմանադրական քաղց: ՀՀ-ում կան օրենքից վեր կանգնած մարդիկ, որոնք սպանում են, ջարդում, կեղծում ընտրություններ, ՀՀ-ում կան խորհրդարանականներ, որոնք զբաղվում են բիզնեսով, բայց գործող սահմանադրությունը դա արգելում է: Մեղավոր են ոչ թե սահմանադրական մոդելները, այլ վատ կառավարիչները: Պետք է օր առաջ վատ կառավարիչներին փոխել»:

7755

Aravot.am-ի հարցին՝ սա իշխանափոխության կո՞չ դիտարկել, պարոն Մոսինյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի պայքար ուղղվում է դեպի իշխանության նվաճմանը, տարօրինակ կհնչեր, որ ուժը հայտարարեր, թե չունի նման նպատակ: Մենք քաղաքական սահմանադրական պայքարի ճանապարհով փորձում ենք իրական իշխանություն ձեռք բերել ՀՀ-ում»:

Վահե Մոսինյանն ասաց, որ իրենց առաջարկներից որոշներն ընդունվել են. օրինակ՝ իրենց հաջողվել է փոփոխել նախագահի ընտրության կարգը, երբ նախնական սկզբում նշված էր, որ նախագահին ընտրելու է ընտրիչների ժողովը, իսկ փոփոխված տարբերակով ընտրելու են ԱԺ պատգամավորները, այն էլ ¾-ի հարաբերակցությամբ»:

Aravot.am-ի հարցին՝ դեմ լինելով փոփոխություններին՝ «Հայկական վերածնունդ»-ը «ոչ»-ի ճակատի հետ համագործակցո՞ւմ է, պատրաստվո՞ւմ են մասնակցել նրանց կազմակերպած հանրահավաքներին, անհնազանդության ակցիաներին, պարոն Մոսինյանը պատասխանեց. «Մեր համագործակցությունը դեռ ընդհանուր հանրահավաքներ ու հավաքեր կազմակերպելու վերաբերյալ գոյություն չունի: Բայց մենք գործում ենք համադրությունների, ոչ թե հակադրությունների դաշտում: Մենք չենք փորձում դաշտում երևալ առաջինը կամ երկրորդականը: Մենք բոլոր տեղամասերում ունենք մեր ներկայացուցիչները»:

Նարեկ Գալստյանը կես կատակ կես լուրջ արձագանքեց. «Պետք չէ ժողովրդին համոզել, որ ՕԵԿ-ը ջեմ չի բաժանում, ՀՀԿ-ից գաղափարապես, բովանդակային առումով չի տարբերվում, մի փորձեք դա համոզել, դրան ոչ ոք չի հավատում»: Ամփոփելով՝ նա ասաց, գոնե տեսականորեն այս նոր սահմանադրությունը քաղաքացուն հույս տալիս է, որ երկրի կառավարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները գոնե կլուծվեն:

Դառնալով կայուն մեծամասնության մասին հնչող մտահոգություններին, Նարեկ Գալստյանը հայտարարեց. «Եթե մեր ժողովուրդը պիտի գնա՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կաշառքով է, ահաբեկչությամբ է, 5000 դրամով է՝ այնքան ձայն տա ՀՀԿ-ին, որ հիսուն պլյուս մեկ տոկոս հավաքի, ուրեմն մենք արժանի ենք այս իշխանությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30