Լրահոս
Օրվա լրահոսը

Յո՞ երթանք մենք

Նոյեմբեր 16,2015 13:30

(Վերջին խոսքի իրավունքով)

2015թ. դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով պիտի արտահայտի իր դրական կամ բացասական կողմնորոշումը մեր նորոգված Սահմանադրության վերաբերյալ:
Նախ պարզաբանենք, թե ինչով է անկատար ներկայիս Սահմանադրությունը, երբ այն ստեղծված օրվանից մինչեւ օրս չի գործել եւ այժմ էլ չի գործում: Այստեղ նկատենք, որ սույն փաստաթղթի հրապարակ հանելու անհրաժեշտությունը բխում է գործող նախագահի կամքից եւ իշխող Հանրապետական կուսակցության վերաբերմունքից, այսինքն՝ իշխանության՝ իրեն վերարտադրելու անբեկանելի ցանկությունից:

Այսօր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած է այն հարցը, թե գրավյալ ադրբեջանական տարածքները ինչպես վերադարձնել դրանց «օրինական» տիրոջը՝ Ադրբեջանին, քանի որ նման պարտադրանք է առաջադրում մեր դաշնակից Ռուսաստանը: Այսպիսով, մեր գլխին կախված է նոր պատերազմի վտանգը՝ որպես դամոկլյան սուր: Գրավյալ տարածքները ձեռք են բերվել երկու սերունդների երկարամյա արյունահեղության ու զոհաբերությունների հաղթական ճանապարհով: Եվ ահա մեզ առաջարկվում է արյունով ձեռք բերվածը մի ստորագրությամբ կորցնել, ինչը համազոր է հայրենիքի դավաճանության:
Ուրեմն, ինչպես վարվել, ինչպես լուծել պատմության այս կնճիռը: Վերադարձնելու դեպքում ի՞նչ պատասխան տալ Եռաբլուրին, որդեկորույս ծնողներին, որբեւայրի կանանց եւ նրանց որբ մեծացած զավակներին: Պատերազմ վերսկսելու դեպքում կնշանակի ավելացնել եռաբլուրների թիվը եւ երկիրը վերածել գերեզմանոցի: Առանց դրանց էլ՝ Հայաստանի յուրաքանչյուր գյուղ կամ ավան ունեն իրենց եռաբլուրը, որտեղ թաղված են ազգի նվիրական զավակները: Այս հարցերը մնում են առկախ: Եվ ահա նման հանգամանքների առկայության պայմաններում իշխանությունները ժողովրդի ներքին ուշադրությունը շեղելու համար հրամցնում են սահմանադրական փոփոխություններ հորջորջվող մի վավերաթուղթ, որի «այո»-ն այլեւս հաստատված է իշխող տղաների կողմից, տղաներ, ովքեր մեկ զինվոր չեն տվել հայոց բանակին:

Ի վերջո՝ ի՞նչ է այս փաստաթուղթը: Դասակարգային փոփոխությունն ամրագրող նոր հասարակության կենսագրության սկի՞զբ, թե՞ 25-ամյա Հայաստանի Հանրապետության վախճան: Վերջինիս հավանականությունը մեծ է:

Այսքանից հետո մնում է կարդալ Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» եւ այս իշխանավորներին հարցնել՝ յո՞ երթանք մենք:

ՄԵՐՈՒԺԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30