«ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ընդունվել է մի խայտառակ բանաձեւի նախագիծ, որը կոչվում է «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մի քանի գրավյալ տարածքներում»: Վերնագիրն արդեն ցույց է տալիս զեկույցի խայտառակության մասշտաբը: Ինձ հետաքրքրում է՝ արդյոք դուք հրավիրե՞լ եք ձեր մոտ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին եւ փորձե՞լ եք տեղեկատվություն ստանալ, թե ինչ է կատարվում այնտեղ եւ ինչ դեր ունի մեր պատվիրակությունն այդտեղ»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարցով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Նա պատասխանեց, որ շատ տեղեկացված է խնդրով. «Ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտառակություն, բայց եկեք մեղավորներ չփնտրենք: Ես դրական եմ համարում պատվիրակության գործունեությունը: Նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը բնականաբար միայնակ չէր կարողանալու լուծել: Դեռեւս 1 տարի առաջ գիտեինք դրա մասին, ինչքան պատվիրակություն է եկել այստեղ՝ այդ մասին խոսել ենք այստեղ: Բայց մենք այս պահին ոչ թե ԵԽԽՎ խորհրդարանի հետ գործ ունենք, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի: Ես չեմ ուզում ոչ պաշտպանվող, ոչ վարկաբեկող խոսքեր լսեմ այդ առումով»:
Նա հիշեցրեք, որ պատվիրակությունը կազմված է եւ ընդդիմությունից, եւ իշխանությունից, եւ բոլորը պայքարել են այդ ուղղությամբ. «Ես գնալուց առաջ կարծում էի, որ արդյունքները ավելի վատ պիտի լինեին, բայց կարողացել են 16 պատգամավորի բացատրել եւ քվեարկությանը եղել է 16-24 հարաբերակցություն»:
Գալուստ Սահակյանն իր խոսքում նշեց, որ պատգամավորները գործուղումների համար իրար են կոտորում, բայց իրենց առջեւ դրված խնդիրները, որ պետք է անեն գործուղման ժամանակ, չեն անում, արդյունքն էլ սա է. «Այն պատգամավորները, որոնք անընդհատ գործուղվել են Անգլիա, այդ պատգամավորներն են այսօր քննադատում: Անեիք: Բոլորդ վիճում եք գործուղումներ գնալու, գործուղում գնացող բոլոր պատգամավորներին ասվել է՝ այս խնդիրը եւ Սարսանգի ջրամբարի խնդիրը մեր ամենակարեւոր խնդիրն է, այս է հանձնարարականը ԱԺ-ի: Այնպես որ, ոչ միայն պատվիրակությունը, այլեւ ամբողջ ԱԺ-ն է մասնակցել: Ես շատ վատ եմ զգում, որ չենք կարողացել արդյունքներ ձեւավորել, բայց դա չի նշանակում, որ պիտի շփոթվել, խառնաշփոթ ստեղծել, պետք է ավելի ջանադիր աշխատենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ