Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրեններին 2-5 տարի ազատազրկել. Գալուստ Սահակյանը հորդորում է այո բառը բառարանից հանել (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 12:49

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին հորդորեց միջամտել, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզչությունն արգելի դպրոցներում. «Դուք եւ ՀՀԿ շատ պատգամավորներ բազմիցս հայտարարել եք, որ կարեւորում եք հանրաքվեի լեգիտիմությունը: Չե՞ք կարծում, որ Արմեն Աշոտյանից ճիշտ կլիներ հենց հիմա ԱԺ անունից բացատրություններ պահանջեիք, առավել եւս, որ սա արդեն իր կողմից պաշտոնական դիրքի չարաշահման երկրորդ դեպքն է արդեն, եթե հիշենք իր՝ իշխող կուսակցության փոխնախագահի մասնակցությունը Հանրային հեռուստաընկերության բանավեճի վարողի դերում, ինչը խախտում է անկողմնակալության եւ հավասարության սկզբունքը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Զուրաբյանի խոսքն իրեն հիշեցրեց 1996-97-ը. «Այդ ժամանակ, այո, այդպիսի բաներ եղել են: Բայց եթե կրկնվում են, պիտի ստուգել՝ ճի՞շտ է ինֆորմացիան, թե՞ ոչ»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Խնդիրը կապված է ոչ միայն Աշոտյանի հետ, այլեւ նրա հրահանգները կատարող բոլոր ուսուցիչների, տնօրենների հետ, քանի որ նման ճնշումները ծնողների վրա Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն, ենթադրում են քրեական պատասխանատվություն՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար եւ պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ: Սա արտակարգ մի հարց է: Մենք առաջարկում ենք ձեզ բացատրություններ ստանալ Արմեն Աշոտյանից, որը, ստացվում է, մարդկանց զանգվածաբար դրդում է հանցագործություններ կատարելու»:

Ինչ վերաբերում է 1996-ին, նա ասաց. «Բոլոր այդ տարիների համար գործած բոլոր արարքների համար առաջին հերթին պատասխանատվություն կրում եք նաեւ դուք, ձեր քաղաքական ուժը, եւ անձամբ դուք, պարոն Սահակյան»:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Հումորն ու սատիրան հետեւանքներ կունենան նաեւ ձեր հայացքների վրա»:

Նա ասաց, որ հիմնական դպրոցների պատասխանատուները տնօրեններն են, մարզպետներն են, ոչ թե Աշոտյանն է. «Ձեր ասելով հետեւյալն է՝ պիտի իշխանության ներկայացուցիչ պատգամավորները չմասնակցեն, ուսուցիչները պիտի չմասնակցեն, կառավարության անդամները կարծիք պիտի չունենան, միայն դո՞ւք պիտի ունենաք: Դա պրովոկացիոն հայտարարություն է, որեւէ փաստ հիմա չեք կարող բերել, որ ուսուցիչը անձնազոհ գնում է խախտումների: Եթե ուսուցիչը մտածում է, որ այո պետք է ասի՝ դա խախտո՞ւմ է: Լավ, կասենք, որ սրանից հետո ուսուցիչը բառարանից այո բառը հանի ու կթողնեն միայն ոչ-ը»:

Նա ասաց, որ մնացած հարցերին մանրամասն կպատասխանի Արմեն Աշոտյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30