«Երկար ժամանակ կհիշեմ էլեկտրոնային վահանակի վրա պատկերված Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշները: Լինելով Հայաստանում՝ զգում եմ այս երկրի աջակցությունը»,-այսօր Ծաղկաձորում անցկացվող «Բարեվարքության ամրապնդում բարձրագույն կրթության համակարգում» խորագրով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիական համալսարանում ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ կկազմակերպվի լռության րոպե. «Համալսարանի մոտ նաեւ մոմեր են վառվել, ուսանողները ծաղիկներ են տեղադրել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի»:
Ռեկտորի խոսքով՝ ահաբեկչությունները տեղի ունեցան Ֆրանսիայում, սակայն ցանկացած այլ երկիր կարող է նման հարվածի առաջ կանգնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ