Ֆրանսիայի վարչապետն այսօր հայտարարել է, թե այդ երկրի իշխանությունները գիտեին, որ հարձակումները ծրագրվում էին եւ զգուշացրել է, որ մոտ ժամանակներս հնարավոր են նոր ահաբեկչություններ: Վարչապետի այս հայտարարությունը փոխանցել է «Independent»-ը:
Վարչապետ Մանուել Վալսը ֆրանսիացի լրագրողների հետ զրույցում ասել է, թե հարձակումները ծրագրվել էին Սիրիայում ու շեշտել, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի նոր հարձակումների, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն մոտ օրերի կամ շաբաթների ընթացքում:
Մանուել Վալսը նաեւ հաստատել է այն տեղեկությունները, թե ոստիկանությունը մի շարք հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել ու մի քանի տասնյակ մարդկանց է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկիչներին օգնելու մեջ:
«Ֆրանսիան հարձակման է ենթարկել ոչ միայն նրա համար, որ հարվածել է «Իսլամական պետության», այլ, որ մենք Ֆրանսիան ենք: Մենք պաշտպանում ենք աշխարհիկությունը եւ մենք պատկերացումներ ունենք տղամարդկանց ու կանանց միջեւ հավասարության մասին»,- հայտարարել է վարչապետը:
Կարդացեք նաև
Լրագրողները նրան հարցրել են ոստիկանական գործողությունների մասին: Վալսը պատասխանել է. «Թողեք, որ ոստիկաններն անեն իրենց աշխատանքը: Ես վստահ եմ, որ նրանք պրոֆեսիոնալ են»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ