Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղազարյան. «Դեպի Չինաստան արտահանումներն ավելի մատչելի են, քան դեպի Մոսկվա»

Նոյեմբեր 16,2015 12:17

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը պատմական է համարում Մետաքսի ճանապարհի վերագործարկման ծրագիրը: Այսօր այդ մասին նա ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի եւ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կազմակերպած «Հայ-չինական համագործակցությունը Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու ստեղծման չինական նախաձեռնության լույսի ներքո» թեմայով գիտաժողովի ժամանակ:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում կամ Չինաստանում կամ Հայաստանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում արդեն ակնկալվում է, որ գործնական հունի վրա կդրվեն նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը: Բացի դա՝ նաեւ հասարակական մակարդակում են մի շարք հանդիպումներ, քննարկումներ լինում, դրական տեղաշարժեր են ակնկալվում ինֆրոստրուկտուրաների զարգացման, տուրիզմի ոլորտներում: Բանակցություններ են ընթանում ավիացիոն ոլորտում համագործակցության համար:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն առավել գործնական հանդես եկավ: Նա դրական է համարում, որ Հայաստանի հետ համագործակցության մասով խոսքը ոչ միայն Մետաքսի ցամաքային ճանապարհի, այլ նաեւ ծովային ճանապարհի մասով է: Նրա վերլուծությամբ, Հայաստանից Չինաստան բեռնափոխադրումներն առավել մատչելի են, քան Մոսկվա արտահանումները: Դրանով է գործարարը բացատրում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության մեծացումը:

Metaqsi_chanaparh_3 Metaqsi_chanaparh_4

Գործարարը նկատում է, որ Չինաստանի հետ այժմ ավելի դյուրին է Հայաստանի աշխատելը: «Եթե առաջիկայում Չինաստանի աջակցությամբ կարողանանք կառուցել եւ գործարկել հայ-իրանական երկաթգիծը, միեւնույն է՝ ծովային ճանապարհով ապրանքաշրջանառությունն ավելի մատչելի է»,- ասաց նա`հավելելով, որ հստակեցնելու համար համագործակցության ոլորտները եւ ձեւերը առավել հաճախ հանդիպելու կարիք կա, նույնիսկ համատեղ արդյունաբերական պալատների ստեղծման: «Հայկական կողմը ագրեսիվորեն պատրաստ է Մետաքսի ճանապարհի ծրագրի մաս դառնալ»,- իր խոսքը փորձեց հումորով համեմել գործարարը:

Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն էլ խոսեց Չինաստանի հասարակական պալատի եւ ՀՀ հանրային խորհրդի միջեւ կապերի մասին: Նա ասաց, որ հանդիպումներից մեկի ժամանակ հայկական կողմն առաջարկել է «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի համատեղ արտադրություն սկսել: Խոսել են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների համատեղ վերամշակման, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին, որը կարող է դառնալ Մետաքսի ճանապարհի մաս: Չինական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել:

Քննարկմանը ներկա գործարարները բարձրացրեցին մուլտիվիզաների տրամադրման հարցը, քանի որ ամեն անգամ Չինաստան մեկնելիս գործարարները մեկանգամյա վիզա են ստանում: Դեսպան Տյան Էրլուն ասաց, որ իրենք կքննարկեն առաջարկը եւ կփորձեն ընդառաջ գնալ ու առավել ազատականացնել վիզաների տրամադրման գործընթացը:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ առավելապես խոսեց Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության սերտացման մասին: Ըստ նրա, եթե Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին, ապա պետք է այդ կազմակերպության հետ էլ համագործակցենք, մանավանդ, որ մեր երկու խոշոր գործընկերները`ՌԴ-ն եւ Չինաստանը, լուրջ դերակատարում ունեն այդ կազմակերպությունում: Ստեփան Գրիգորյանն էական է համարում, որ այդ համագործակցությունը հիմնված չի ռազմական համագործակցության վրա ու Հայաստանի անվտանգության ամրացման տեսանկյունից բավական դրական է նաեւ Կենտրոնական Ասիայում կայունության պահպանման տեսանկյունից:

Ստեփան Գրիգորյանը հիշեց նաեւ 1980-ականներին հայտնի «Հայկական ռադիոյի» անեկդոտներից մեկը. «Հայկական ռադիոյին հարցնում են`որքա՞ն հայ կա աշխարհում: Հնչում է պատասխանը`մեծ չինական ազգի հետ`8005 միլիոն»: Այդ ժամանակ, Չինաստանի բնակչությունը դեռ 800 միլիոն էր, իսկ աշխարհասփյուռ հայերը`5 միլիոն: Ստեփան Գրիգորյանը համարում է, որ նման անեկդոտներն առավել ընդգծում են երկու ժողովուրդների վերաբերմունքն ու հարաբերությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30