Շիրակի մարզի Արեւիկ գյուղում քիչ հետո տեղի կունենա նոյեմբերի 12-ին հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Վահե Վարդգեսի Վանոյանի հոգեհանգիստը:
Գյուղապետ Գարեգին Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 12-ին նրան կտեղափոխեն գյուղի եկեղեցի, որից հետո կհուղարկավորեն իրենց հերոս զինվորին:
Գյուղապետի տեղեկացմամբ, Վահեն տան մինուճար արու զավակն էր, ունի մի քույր, որն ամուսնացած է Արեւիկ գյուղում: Նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս, տանը սրտատրոփ սպասում էին նրա վերադարձին. օրերն էին հաշվում: «Դեկտեմբերի 12-ին, ըստ օրենքի, Վահեն պիտի վերադառնար ծառայությունից: Դպրոցն ավարտեց ու 3-4 ամիս անց զորակոչվեց բանակ: Ասեմ, որ Վահեն չափազանց աշխույժ տղա էր, դրական իմաստով չարաճճի, լողի էր գնում Գյումրիում: Իսկ ծառայության ընթացքում միշտ մեդալներ, պատվոգրեր է ստացել, միշտ փայլել է: Այս դժբախտ դեպքից 15 օր առաջ մեդալով էր պարգեւատրվել մարտական ընկերոջ կյանքը փրկելու համար, խիզախ, անվախ զինվոր էր: Երեկ նրանց տուն այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ծնողներին հանձնեց Բակո Սահակյանի հետմահու պարգեւատրած «Մարտական ծառայության» մեդալը: Նախարարը երկու միլիոն փոխանցեց. մեկ միլիոնը նախարարության կողմից, մեկ միլիոնն էլ Արցախի հանրապետության: Նախարարը խոսեց նաեւ համայնքի բնակիչների հետ, մխիթարեց, խնդրեց զգոն լինել:
Ասեմ, որ Վահեենց ընտանիքը սոցիալապես ապահով չէ, իհարկե, չի կարելի ասել, թե ճարահատյալ վիճակում են, բայց մարդիկ պարտքեր ունեն, երբ քրոջն անցած տարի ամուսնացրեցին, մի քիչ դրամական պարտքեր առաջացան: Հայրը գնաց Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց տեսավ, որ ոչինչ դուրս չի գալիս, հետ եկավ, մի ամիս է՝ վերադարձել էր ու անհամբեր սպասում էր Վահեի վերադարձին: Շիրակի մարզպետը 200 հազար դրամ փոխանցեց, գյուղապետարանը 150 դրամ, համայնքի բնակիչներից էլ ով ինչքան կարող է: Էսպիսի վիշտ… ողջ գյուղը սգի մեջ է, համայնքի բնակիչները մղկտում են, որ Վահեն մինուճար տղա էր, սպասում էին, որ մեկ ամսից տանը կլինի: Թող այլեւս չկրկնվեն այս ողբերգությունները, թող Աստված կարոտ պահի: Միակ մխիթարանքն այն է, որ քույրն ամուսնացած է համայնքում, ծնողներից հեռու չէ»,- ասաց գյուղապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ