Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հողերն անձեռնմխելի են, սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ ափալ-թափալ կազմակերպված»

Նոյեմբեր 16,2015 12:06

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ, սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացը շտապողականության արդյունք է:

«Իբրեւ թե գաղափարապես վաղուց էր կազմակերպված, բայց իրականում ափալ թափալության գործոն կա: Պատգամավորները նույնիսկ տեղյակ չեն՝ իրենց առաջարկներն ընդունվել են, թե՞՝ ոչ, արագ կազմակերպվում է քարոզարշավ, հետո այդ reality show-ն, որի մեջ հայ եւ միջազգային հանրությանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի թափանցիկ ու ժողովրդավարական ընթանալու մասին ցույց տալու միտում կա»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Սեդրակյանը:

Նա համաձայն չէ գործող սահմանադրության վերաբերյալ հնչող քննադատությունների հետ. «Պարզվում է՝ մեր բոլոր խնդիրները սահմանադրության թերությունից է: Բայց չի կարող փաստաթուղթը վատը լինել, որովհետեւ մեր Սահմանադրությունը արեւմտյան երկրների սահմանադրության կրկնօրինակն է: Պետք չէ խոսել վատ փաստաթղթից, այլ պետք է խոսել դրա իրացման մասին»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ի պատասխան Անուշ Սեդրակյանի՝ «ափալ-թափալ» սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու հայտարարությանը՝ ասաց, որ դեռ երկու տարի առաջ էին սկսել այդ գործընթացը. «Եթե որոշ քաղաքական գործիչներ վերջերս են սկսել հետաքրքրվել կամ կարդալ առաջարկվող բարեփոխումները, դա իրենց խնդիրն է: ԱԺ-ում լսումներ են եղել, բոլորն արտահայտվել են, հետո այդ նախագիծը դրվել է քվեարկության, եւ այն տարբերակը, որը հանրությանն է ներկայացվել, էապես տարբերվում է նախնական տարբերակից: Ափալ-թափալ չի եղել: Արդեն տպավորություն կա, որ երբ բոլորը խոսում էին համակարգային փոփոխությունների մասին, պարզապես մտածել են՝ օրակարգ լրացնելու ու քաղաքական դաշտում երեւալու մասին: Պետք է գնանք այս փոփոխություններին, ապակենտրոնացնենք իշխանությունը»:

Տիկին Սեդրակյանը կրկնեց իր ավելի վաղ հայտնած մտավախությունը, որ ԼՂՀ տարածքների վերադարձման խնդիր կա, ու սահմանադրական փոփոխություններով նախագահի վրայից պատասխանատվությունը թոթափելու խնդիր կա: Պարոն Սահակյանն էլ վստահեցրեց, որ նման խնդիր չկա. «Եկեք Ղարաբաղի գործընթացը տարանջատենք: Ղարաբաղը մեզնից մի պաշտպանեք, այդ մենք ենք Ղարաբաղն ուրիշներից պաշտպանում: Ղարաբաղի հողերն անձեռնմխելի են:

Անդրադառնալով ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանի դիտարկմանը, թե անհերքելի է, որ որոշ տարածքներ պետք է Ադրբեջանին վերադարձվեն, պարոն Սահակյանն ասաց. «Այդ հայտարարությունն, ընդամենը իր մտածելակերպը կամ նախադասությունների ոչ ճիշտ շարադասություն արդյունք է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30