Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ տենորը «հիմնավորվել» է հեղինակավոր թատրոնի խաղացանկում

Նոյեմբեր 16,2015 13:00

Հեղինակավոր օպերային թատրոնների խաղացանկային ներկայացումներում հաճախ ընդգրկված են լինում, կարելի է ասել՝ հիմնական մեներգիչների կարգավիճակով հրավիրյալ արտիստներ: Օրինակ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը հաճախ է հրավիրվում Սանկտ Պետերբուրգ: Հայ տենորը ընդգրկված է Մարիինյան թատրոնի 3 ներկայացումներում: Հանդես է գալիս Կավարադոսի դերերգով Պուչինիի «Տոսկայում», Մանրիկո՝ Վերդիի «Տրուբադուրում» եւ Դոն Կառլո՝ Վերդիի համանուն օպերայում: Հավանաբար պատահական չէր, որ այս տարի գարնանը օպերային դիվա, Մարիինյան թատրոնի մեներգչուհի Մարիա Գուլեգինայի երեւանյան մենահամերգին մասնակցեց նաեւ Հովհաննես Այվազյանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգիչն ասաց, որ պատրաստվում է Մարիինյան թատրոնում 2016թ. գարնանը հանդես գալ նաեւ Խոզեի դերերգով՝ Բիզեի «Կարմենում»: Վերջերս տենորին այս դերերգով հանդիպեցինք Երեւանի օպերային թատրոնի «Կարմենի» պրեմիերային: Արվեստագետին Երեւանի օպերային թատրոնում ընթացիկ ամսվա 19-ին կհանդիպենք Վերդիի «Տուրանդոտում»:

Hovhannes_Ayvazyan-2

Հովհաննես Այվազյանը (Խոզե) եւ Ագունդա Կուլաեւան (Կարմեն):

Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս պատահեց նման հեղինակային թատրոնում «հիմնավորվելը», Հովհաննես Այվազյանը հիշեց, որ առաջին անգամ 2012թ. Կավարադոսի դերերգով է մասնակցել Մարիինյան թատրոնի Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացմանը, խաղընկերներ ունենալով ճանաչված դեմքեր, մեցցո սոպրանո Եկատերինա Սեմենչուկին, բարիտոն Ալեքսեյ Մարկովին… Հետո էլ մանրամասնեց. «Ավելի քան 3 տարի առաջ ռուսաստանյան SMOLART պրոդյուսերական կենտրոնը (պրոդյուսեր՝ Սերգեյ Մոլչանով) լսումներ էր կազմակերպել Երեւանում, որից անմիջապես հետո Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը ինձ ընդգրկեց թատրոնում անցկացված համաշխարհային օպերային աստղերի գալա համերգին, որտեղ մասնակցում էին իսկապես մեծություններ՝ Աննա Նետրեբկո եւ այլն, եւ այլն: Հետո արդեն SMOLART-ը հրավիրեց ինձ համագործակցության, ինչը մինչ օրս էլ շարունակվում է: Ասեմ նաեւ, որ այդ կենտրոնի հետ իմ առաջին աշխատանքը եղավ Կավարադոսի դերերգը Մոնղոլիայի օպերային թատրոնում»:

Օպերային երգիչը հաճախակի է մեկնում շրջագայությունների: Ժամանակին նա մասնակցել է Ուլյանովսկում կայացած հեղինակավոր «Խաղաղություն, դարաշրջան, անուններ» միջազգային փառատոնի շրջանակներում «Կարմեն» օպերայի ներկայացմանը՝ խաղընկեր ունենալով Մեծ թատրոնի պրիմա երգչուհի Ագունդա Կուլաեւային: Օպերային արվեստի «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակներում (Սանկտ Պետերբուրգ) կերտել է Մանրիկոյի կերպարը, արտերկրում հանդես է եկել համերգային ծրագրերով՝ Իտալիայում, Կանադայում եւ այլուր:

Հարցին՝ ասում են՝ նույնիսկ մեկ անգամ հրաժարվել եք արդեն հարազատ դարձած Մարիինյան թատրոնի մի ներկայացումից, մեր զրուցակիցը հաստատելով, ասաց, որ դա «Տրուբադուր» ներկայացումն էր, բայց քանի որ դեռեւս մեկ տարի առաջ Էդուարդ Թոփչյանի կողմից ընդունել է հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում Արտեմեւի «Ռեքվիեմի» կատարմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, չէր կարող ետ կանգնել:

Հովհաննես Այվազյանը վերջերս է վերադարձել արտերկրից: Նա իր գործընկերների՝ Բարսեղ Թումանյանի (Ղազախստան), Լիանա Հարությունյանի (Ֆրանսիա) եւ Վարդուհի Խաչատրյանի (Շվեյցարիա) հետ, Ջորջ Փահլեւանյանի (Ֆրանսիա) ղեկավարությամբ, Զալցբուրգի Camerata նվագախմբի հետ հանդես է եկել Մոցարտի Ռեքվիեմում՝ նշանավոր Musikverein սրահում: Մեր զրուցակիցն ասաց, որ կայացած համերգը իրականացրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի, մշակույթի նախարարության եւ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան) համագործակցությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30