Գյումրու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը մի քանի ամիս է՝ իրականացնում է Կանանց հաշմանդամության եւ առաջնորդության Ինստիտուտ-Հայաստան (WILD) ծրագիրը` հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց եւ աղջիկների համար: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Ագաթ» հ/կ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը, ծրագիրն իրագործվում է աշխարհի 20 երկրներում, իսկ հետխորհրդային երկրներից՝ միայն Հայաստանում: Ծրագրի շրջանակներում օրերս Գյումրու «Բեռլին Արտ» հյուրանոցում կազմակերպվեց եռօրյա ինտերակտիվ դասընթաց` առաջնորդություն, կանանց վերարտադրողական առողջություն, սեռական կյանք, ներառական զարգացում եւ գործողությունների պլանի մշակում թեմաներով:
Դասընթացին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող 21 երիտասարդ կանայք եւ աղջիկներ Հայաստանի տարբեր մարզերից: Ծրագրի մասնակիցներն ընտրվել էին մրցութային կարգով: Նրանցից շատերը երկարատեւ սպասումից եւ ցանկությունից հետո առաջին անգամ էին հնարավորություն ունեցել հյուրընկալվել Գյումրիում եւ շատ ոգեւորված էին: «Ագաթի» դասընթացավարներն ու փորձագետները անդրադարձան հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկներին վերաբերող կարեւոր եւ հետաքրքիր թեմաների, որոնք մատուցվեցին ինտերակտիվ եւ մատչելի մեթոդներով: Դասընթացը համալրվեց նաեւ յոգայի, պարի եւ բոուլինգի ուսուցումներով եւ հաճելի ժամանցով:
Լավագույն մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի եւ դասընթացների:
«Առավոտ» օրաթերթ
14.11..2015