Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանից Չինաստան արտահանումն այս տարի աճել է 12 տոկոսով

Նոյեմբեր 16,2015 11:31

Մարտ ամսին, չինական կողմի նախաձեռնությամբ հրատարակվել է «21-րդ դարում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու եւ ծովային ճանապարհի հիասքանչ հեռանկարները եւ համատեղ իրականացվելիք գործնական քայլերը» վերտառությամբ գրքույկը, որն այսօր Հայաստանում ներկայացվեց «Հայաստան-Չինաստան համագործակցությունը տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում» թեմայով գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնը եւ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը:

ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանը Տյան Էրլուն իր ելույթում անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը` Մետաքսի տնտեսական ճանապարհի կյանքի կոչման ֆոնին, նկատեց, որ այդ ծրագիրը մեծ հեռանկար է խոստանում եւ մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ըստ դեսպանի, Մետաքսի ճանապարհը երկար տարիներ նպաստել է իր ճանապարհին գտնվող երկրների զարգացմանը եւ այն յուրօրինակ պատմական կապող օղակ է հանդիսացել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ իմաստով, այդ ուղղությունը դեսպանը համարում է «համաշխարհային արժեք»: Դեսպանը նկատեց, որ երկու տարի առաջ, չինական կողմը առաջ քաշեց այդ նախաձեռնությունը`եվրասիական աշխարհամասում ինտեգրացիոն գործընթացների արագացման ու համատեղ զարգացում ապահովելու համար. «Ինչպես նախաձեռնող, Չինաստանը իհարկե, պատասխանատվություն է զգում դրա իրականացման համար»:

Metaqsi_chanaparh_2

Վերջին երեսուն տարիների ընթացքում Չինաստանը իր տնտեսական զարգացմամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, արտասահմանյան ներդրումների առումով`երրորդ, 120 երկրների գործընկեր է: Դեսպանը դրական է որակում նաեւ հայ-չինական հարաբերությունների զարգացումը:

Մարտ ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան, այցի ընթացքում ստորագրված համագործակցության մի շարք պայմանագրերն, ըստ նրա, առավել գործնական հուն մտան, սեպտեմբերին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցելությամբ: Վարչապետը, հիշեցնենք, մասնակցեց նաեւ Եվրասիական տնտեսական ֆորումին:

«Քաղաքական փոխհարաբերությունների բարձր մակարդակ ունենք: Չինաստանն ու Հայաստանը նաեւ տնտեսական լավ գործընկերներ են: Ներդրումների մակարդակով Չինաստանը Հայաստանի երկրորդ գործընկերն է: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասնում է 58 միլիոն դոլարի, այդ թվում Հայաստանից Չինաստան արտահանումն այս տարի աճել է 12 տոկոսով»,- ասաց դեսպանը`հավելելով, որ ետ չեն մնում նաեւ կրթական եւ մշակութային ծրագրերը:

Ամռանը Չինաստանում անցկացվել են Հայաստանի օրեր, եկող տարի Հայաստանում նախատեսված են Չինաստանի օրերի անցկացում: Երկու երկրների միջեւ պարբերաբար ուսանողների փոխանակման ծրագրեր են իրականացվում: Արդեն մի քանի տարի է Չինաստանի կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում Չինաստանի բուհ-երում սովորող հայ ուսանողների համար: Եկող տարի Հայաստանում չինական դպրոցի շինարարությունը կմեկնարկի: «Այս ամենը երկու երկրների ու ժողովուրդների էլ ավելի մերձեցման համար կամուրջ է դառնում»,- ասաց դեսպանը`նկատելով, որ հայկական կողմը դրական է գնահատում եւ արձագանքում է Մետաքսի ճանապարհի նախաձեռնություններին, ինչը նոր հնարավորություններ է բացում երկկողմանի տնտեսական հարաբերությունների համար: Չինաստանում դրական են վերաբերվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, քանի որ դա 170 միլիոնանոց շուկայի առումով հեռանկար է բացում: «Ուզում եմ նշել, որ Չինաստանն էլ ակտիվ նպաստում է Մետաքսի ճանապարհի շինարարությունը`փորձելով արագացնել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը: Չինաստանը շահագրգիռ է ապագայում ազատ առեւտրի գոտու ստեղծմամբ եւ համոզված եմ, որ Մետաքսի ճանապարհի շինարարությունը մեծապես կնպաստի Հայաստանի հետ Չինաստանի տնտեսական եւ մարդասիրական համագործակցությանը»,- ասաց դեսպանը:

Նա մասնավորեցրեց, որ չինական կողմը պատրաստ է մանրամասն ուսումնասիրել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար տրանսպորտի, էներգետիկ, գունավոր մետաղների, շինանյութերի ոլորտներում, ինչպես նաեւ էլեկտրոնային եւ թեթեւ արդյունաբերության, տուրիզմի զարգացման ոլորտներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30