Լույս է տեսել Մերուժանի «Անփույթ տողեր» խորագրով ժողովածուն: Հեղինակը գրում է, որ հատուկ է ընտրել չափածոն, քանի որ բանաստեղծական արվեստը կատարյալն է արվեստներից, իսկ խոսքի ուժը առավելագույնս է ազդում մարդու զգացական աշխարհի վրա:
Նա նշում է, որ չի զլացել տողեր նվիրել նաեւ ճակատագրից դատապարտված եւ հնագույն արվեստի մեղսակիցներին՝ անառակներին, որոնք, բանաստեղծի ձեւակերպմամբ, նույնպես մեր ժողովրդի զավակներն են: «Պատմությունը վկայում է, որ այն երկրում, որտեղ տիրում է սոցիալական անարդարություն, առաջանում են արատավոր բարքեր, ծաղկում են եկեղեցաշինությունն ու պոռնկությունը: Եկեղեցիներ կառուցում են մեղավորները, որպեսզի իրենց հոգիների փրկության համար աղոթեն անմեղները: Իսկ պոռնկությունն այն իրավիճակն է, որն իր մեջ համատեղում է սեռական կիրքն ու նյութական կարիքը: Երկուսն էլ մարդկային խղճի հարուցիչներ են՝ հավերժորեն իրար զուգահեռ ընթացող»,- գրում է Մերուժանը:
«Անփույթ տողեր»-ում զետեղված բանաստեղծություններից տպավորիչ է նրա «Իգական սեռը», որ կնոջ յուրատեսակ բնութագրումն է.
Նա մերկ է
Ինչպես խիղճը,
Գեղեցիկ է,
Ինչպես միտքը,
Հալածված է,
Ինչպես արդարությունը:
Խոսքերը թույլ են,
Գեղարվեստն՝ անզոր,
Որպեսզի լսելի դառնա նրա ճիչը…
Մերուժանի գիրքը վերնագրված է «Անփույթ տողեր», սակայն դրանք բնավ էլ անփույթ տողեր չեն, հախուռն են, խենթ ու գեղեցիկ.
Պարզիր ափդ,
Եվ ես կնկարեմ իմ ճակատագիրը,
Որը քո ձեռագիրն է՝
Դաջված իմ ճակատին:
Վերադարձրու ինձ իմ աչքերը,
Որոնք նկարված են քո աչքերում:
Փակիր աչքերդ,
Որպեսզի ճամփորդեմ
Քո հիշողության հեռուներում…
Գ. Հ.
«Առավոտ» օրաթերթ
14.11..2015