Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ զգում եմ, որ իմը չէ, չեմ նվագում, թող մեկ ուրիշը նվագի». Ջոշուա Բել

Նոյեմբեր 16,2015 10:51

«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Լոնդոնի The Academy of St. Martin in the fields նվագախումբը՝ ամերիկացի անվանի ջութակահար Ջոշուա Բելի ղեկավարությամբ:

Համերգի ընթացքում հնչեցին Յ. Ս. Բախի, Ս. Բարբերի, Պ. Ի. Չայկովսկու և Ա. Պիացոլայի ստեղծագործություններից:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում: Ե´վ հայ հանդիսատեսը, և´ ես երկար էինք սպասել այս համերգին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում The Academy of St. Martin in the fields նվագախմբի հետ: Հայաստան ժամանելու առաջին իսկ րոպեից ջերմություն ու հյուրընկալություն զգացի: Շատ եմ հավանում ձեր մշակույթն ու խոհանոցը: Հուսով եմ, որ հետագայում էլի հնարավորություն կունենամ Հայաստան գալու»,- համերգից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջոշուա Բելը:

IMG_62735 IMG_6398 IMG_6374 IMG_6352 IMG_6346

Ջութակահարը համագործակցել է երաժշտական տարբեր ժանրերում (փոփ, ջազ, բլյուգրաս և այլն) ստեղծագործող հեղինակավոր մի շարք արվեստագետների (Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս, Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք) հետ: Հարցին, թե որ ժանրն է իրեն ավելի հոգեհարազատ, նա պատասխանեց. «Երաժշտությունը երաժշտություն է՝ անկախ ժանրից: Ես նվագում եմ այն, ինչ սրտիս մոտ է: Չեմ ուզում տարանջատել ժանրերը: Պարզապես, այն, ինչ զգում եմ, որ իմը չէ, չեմ նվագում, թող մեկ ուրիշը նվագի»:

Ջոշուա Բելը համոզված է, որ միայն տաղանդը բավական չէ հաջողության հասնելու համար. «Իհարկե, ժառանգական տաղանդ ունենալը կարևոր է. իմ ընտանիքը շատ «երաժշտական է», քույրերս, եղբայրներս, բարեկամներիցս շատերը նվագում են: Դա մեր արյան մեջ կա: Բայց բավականին վճռորոշ է նաև ծնողների մոտեցումը: Իմ ծնողները համարել են, որ երաժշտությունը շատ կարևոր է երեխայի կյանքում, և մեր տանը մենք միշտ լսել ենք լավ երաժշտություն: Մեծ նշանակություն ունի նաև վայրը, որտեղ ծնվել ես: Իմ ծննդավայրում ես մեծ ուսուցիչներ եմ ունեցել»,- ասաց Բլումինգթոնում (Ինդիանա, ԱՄՆ) ծնված երաժիշտը:

Նա նշեց նաև, որ իր՝ որպես ջութակահարի կայացման հարցում մեծ դեր են ունեցել հայազգի երկու ուսուցիչները ևս՝ Իվան Ղալամյանը և Վարուժան Կոջոյանը:

Ջոշուա Բելը 1959 թվականին հիմնադրված Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենն է 2011թվականից: Նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորս եղանակները»՝ Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Տարիների ընթացքում ջութակահարը բազմաթիվ պարգևների է արժանացել: Սակայն դրանց դերը արվեստագետի կյանքում այնքան էլ չի կարևորում. «Ամենամեծ պարգևը հանդիսատեսի ջերմությունը բեմի վրայից զգալն է: Անպայման չէ, որ մրցանակը «Գրեմմի»-ի տեսքով լինի: Դա չէ, որ մեզ ուժ է տալիս ստեղծագործելու»,- ասում է նա:

Հավելենք, որ Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված և ականավոր երաժիշտ Բրոնիսլավ Հուբեռմանին պատկանած Ստրադիվարիուսի ջութակով ու օգտագործում է 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30