Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն

Նոյեմբեր 15,2015 22:42

Նոյեմբերի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, ինչպես նաև հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան կարգից առաջ խոսք ասաց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Անդրադառնալով ողբերգական եղելություններին՝ Եզնիկ Սրբազանը մասնավորաբար նշեց.  «Ահաբեկչությունը դատապարտելի է և որևէ կերպ չի կարող արդարացվել. այն քայլ չէ, որ ուղղված է որևիցե բնակավայրի կամ մի ժողովրդի դեմ, ահաբեկչությունը մի քայլ է, որն ուղղված է Աստծու դեմ:

Վերջին 100-ամյակը նշանավորված է ինչպես Քրիստոնեական եկեղեցիների տարբեր հարանվանությունների միջև, այնպես էլ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև մերձեցմամբ: Եվ այդ հարաբերությունների ընթացքում հաճախ է ասվում, թե՛ բոլորիս Աստված մեկ է, թե՛ տարբեր կրոնների, ժողովուրդների Աստված մեկ է: Եթե դա այդպես է, ապա ահաբեկիչները տվյալ դեպքում սպանեցին իրենց Աստծու անունը, որովհետև նրանք քայլ կատարեցին իրենց Աստծու դեմ, ով ստեղծել է մարդկությանը` Իր զավակներին, տվյալ դեպքում կարևոր չէ ա՛յս, թե ա՛յն կրոնի ներկայացուցիչներին:

Հայ ժողովուրդը և Հայ Եկեղեցու հավատացյալները խոր ապրումով են զգում այն ցավը, որ Ֆրանսիայի ժողովուրդն այս օրերին ապրում է: Հայ ժողովուրդն այդ ցավը զգում է մասնավորապես երկու տարբեր պատճառներով: Առաջինն այն երախտագիտությունն է, որ մեր ժողովուրդն արդեն 100 տարիներ է, ինչ Եղեռնից մազապուրծ եղած հայորդիների փրկության և վերջիններիս հյուրընկալության ձեռնարկումների համար տածում է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ: Եղեռնից մազապուրծ եղած մեր ժողովրդի ամենամեծ խմբերը հանգրվանեցին և օթևան գտան Ֆրանսիայում…:

Երկրորդը` ամենօրյա ողբերգությունն է, որ մեր ժողովուրդը հաճախակի ապրում է: Երբ իբրև թե ապրում է խաղաղ պայմաններում, սակայն ամեն օր զգում է, թե ինչպես է ահաբեկչության գնդակը խլում մեր այս կամ այն զավակի կյանքը: Մեր ժողովուրդն այսօր աղոթում է, ազգիս Վեհափառ Հայրապետի նախագահությամբ,  որպեսզի Աստված բացի Իր ձեռքերը, Իր մոտ ընդունի բոլոր նրանց, ովքեր զոհվեցին երեկ: Մենք աղոթելու ենք նաև վերջին ժամանակներում ահաբեկչության պատճառով սպանված բոլոր զոհերի համար, այդ թվում, մեր սահմանների վրա զոհված ամեն մի հայ զինվորի համար, նաև աշխարհում` Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի ունեցող ահաբեկչությունների և Սինա թերակղզու վրա ահաբեկչության պատճառով ընկած ռուսական օդանավի զոհվածների համար»:

Արարողությանը ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ պրն. Կարեն Նազարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30