Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրն անհաջող ստացվեց մեր հավաքականների համար: Մեր թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները թիմային պարտություն կրեցին:
Տղաները 1,5:2,5 հաշվով տանուլ տվեցին Ֆրանսիային: Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաներում գրանցեցին ոչ-ոքի, իսկ ահա առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը վեց ժամ տեւած պայքարի ավարտին Մաքսիմ Վաշյե-Լագրավին շնորհավորեց հաղթանակի համար:
Մեր կանանց հավաքականի մրցակիցը Ռուսաստանի շատ ուժեղ թիմն էր: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին եւ միայն չորրորդ խաղատախտակի առջեւ Մարիա Կուրսովան (նկարում) առավելության հասավ Անաստասիա Գունինայի նկատմամբ՝ հաշվի տարբերությունը դարձնելով 1:3:
Այսօր երրորդ տուրում տղամարդիկ խաղալու են Նորվեգիայի հետ, որի առաջատարը Մագնուս Կարլսենն է, իսկ աղջիկների մրցակիցը լինելու է Թուրքիան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքէջի