Այսօր «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում մեկնարկեց դուքենդո կարատեի Հայաստանի 21-րդ առաջնությունը, որին մասնակցում են ուղեգրային փուլերը հաղթահարած շուրջ 420 մարզիկներ: Նրանք տարբեր տարիքային խմբերում ու քաշային կարգերում պայքարում են մեդալներ 49 հավաքածուների համար: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Դինամո» համալիրում ոստիկանության ուժեղացված հսկողություն էր սահմանվել:
Առաջնության բացմանը Հայաստանի դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին՝ ասաց. «Մենք մեր մարզիկների մեջ, իսկ նրանց քանակը հանրապետությունում յոթ հազարից անցնում է, բացի ֆիզիկականից սերմանում ենք նաեւ հայրենասիրական, բարոյահոգեբանական որակներ, որպեսզի սիրեք ձեր հայրենիքն այնպես, ինչպես ձեր ընտանիքներն եք սիրում, որպեսզի կարողանաք ցանկացած պահի պաշտպանել մեր երկրի անվտանգությունը: Մաղթում եմ ձեզ ազնիվ մրցակցություն եւ որ պակաս կարեւոր չէ՝ փոխադարձ հարգանք»:
Հայկ Վարդանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում նշեց նաեւ, որ իրենք ամեն տարի հանրապետության ներսում կազմակերպում են հայրենասիրական մի շարք մրցաշարեր, ինչպես օրինակ, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարերը, Հաղթանակի օրվան նվիրված եւ այլ մրցումներ: Նրա Խոսքերով, Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացել են միայն ուղեգրային փուլերը հաղթահարած մարզիկները: «Մեր հավաքականը հուլիս ամսին ութ հոգով մասնակցել է Լաս-Վեգասում անցկացված աշխարհի առաջնությանը, նվաճել յոթ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Նման արդյունք դեռ երբեք չէինք ունեցել: Ցանկանում ենք հաջող հանդես գալ նաեւ հունվարի վերջին կրկին Լաս-Վեգասում կայանալիք մարտարվեստների ձմեռային օլիմպիադային, որի ծրագրում ընդգրկված են մարտարվեստների բոլոր այն ձեւերը, որոնք գրանցված են Ամերիկայում», – ասաց ֆեդերացիայի նախագահը:
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի առաջնությանը զուգահեռ ընկերական հանդիպումներ են անցկացվում նաեւ Իրանից ժամանած մարզիկների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ