Այսօր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ամենաշրջանառվող միտքը կարելի է ամփոփել այսպես. աշխարհը ցնցված է կատարվածից: Առաջին հարցը, որը ծագում է, հետևյալն է. մի՞թե իսկապես անսպասելի էր այս ահաբեկչությունը: Ճիշտ նույն կերպ, առաջին պատասխանը, որը գալիս է, դա հետևյալն է. արդեն տարիներ են, ինչ օրը ցերեկով, աշխարհի աչքի առջև, ամեն օր՝ նույն Իսլամական պետություն կոչվածը իրականացնում է նույնատիպ ահաբեկչություններ, ամբողջ աշխարհը մշտապես խոսում և ավելին, ցուցադրում է դրանց վերաբերյալ սահմռկեցուցիչ կադրեր, սակայն որևէ երկրի իշխանության կամ մի քանի երկրների իշխանությունների կողմից համատեղ, որևէ գործնական քայլ չի կատարվում այդ ահաբեկչությունների և դրանց հեղինակների դեմն առնելու ուղղությամբ:
Բոլորը միաբերան արտահայտվում են, որ Իսլամական պետությունը և նրա կողմից իրականացվող ահաբեկչությունները չարիք են աշխարհի գլխին, սակայն նրանց կողմից դրա դեմ պայքարելու որևէ գործնական, լուրջ քայլ չի ձեռնարկվում: Ասվածը պարզորոշ մի բանի մասին է միայն խոսում. Փարիզյան ահաբեկչությունը բացարձակ սպասելի էր (մի տարբերությամբ, որ այդ ահաբեկչությունը նույն հաջողությամբ կարող էր տեղի ունենալ մեկ այլ, կամ մի քանի երկրներում միաժամանակ) և թող իզուր, աշխարհի խոշոր երկրների ղեկավարները լալահառաչ, սրտառուչ զարմանք և սրտառուչ ցավակցական խոսքեր շաղ չտան ու չփորձեն միամիտ հայացքներով նայել աշխարհին ու ասել, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը անսպասելի էր և ցնցել է աշխարհը: Բա այդ ղեկավարները խղճի ու ինքնասիրության չնչին նշույլ ունեն, որ խաղում են անմեղ զոհերի հիշատակի վրա: Բա այդ ղեկավարները չեն հասկացե՞լ, որ իրենց առաջին սուրբ պարտականությունը իրենց քաղաքացիների անվտանգության ապահովումն է, որ ուշացումով արված լալահառաչ հայտարարությունները իրավիճակ չեն փոխում: Տպավորություն է ստեղծվում, կարծես նրանք Իսլամական պետության ղեկավարներ հետ եկել են փոխհամաձայնության՝ համատեղ իրականացնելու այդ ահաբեկչությունները: Հայտարարում եմ, որ այդ երկրների ղեկավարները նույն չափով մեղավոր են՝ նախկինում իրականացրած և այս վերջին՝ Փարիզյան ահաբեկչության համար, քանզի քայլեր չձեռնարկելը հավասարազոր է դրանց իրականացմանը նպաստելուն:
Եթե ավելի անկեղծ լինենք, ապա նրանք շատ անգամ ավելի մեղավոր են, քան Իսլամական պետության՝ ահաբեկչություններ սանձազերծող ղեկավարները, քանզի Իսլամական պետության ստեղծման և գործունեության գլխավոր գործառույթներն՝ առաջին հերթին ահաբեկչություններն են, իսկ այդ երկրների ղեկավարների գլխավոր գործառույթը՝ իրենց քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը լիովին անտեսվել է նրանց կողմից: Իսլամական պետության ղեկավարները՝ այդ երկրների ղեկավարների համեմատ նաև ազնիվ են այնքանով, որ չեն թաքցրել և մշտապես բարձրաձայնել են, որ իրենք մշտապես իրականացնելու են նման և ավելի խոշոր ահաբեկչություններ ու բազմիցս զգուշացրել են, մենք այսպես ենք վարվելու, դե բարի եղեք, պաշտպանվել: Այդ «ժողովրդասեր» ղեկավարներին երևի թվում է, որ իրենք ղեկավար են դարձել միայն վայելքներից օգտվելու համար: Նրանք մոռացել են, որ իրենք իրավունքներին զուգահեռ, ունեն նաև բազմաթիվ պարտականություններ և պատասխանատվություն, որոնցից ամենագլխավորը քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Չափազանց կասկածում եմ, որ Փարիզյան այս ահասարսուռ ահաբեկչությունից հետո անգամ, այդ երկրների ղեկավարները խելքի կգան և համատեղ գործնական քայլեր կձեռնարկեն այդ ահաբեկչությունների դեմ: Այդ ղեկավարներն այնքան անխելք են, որ չեն հասկանում շատ պարզ մի բան. ահաբեկիչների համար չափազանց ցանկալի է, որ այդ ահաբեկչություններին առաջին հերթին զոհ դարձան հենց այդ երկրների ղեկավարները, նրանց ընտանիքները և հարազատները, որին հասնելն՝ իհարկե չափազանց բարդ է: Զարմանալի է, նրանք իսկապես չեն հասկանում, որ նմանատիպ գործողություններից ապահովագրված չեն իրենք, իրենց ընտանիքները, որի պարագայում գոնե փորձեն ինչ-ինչ քայլեր ձեռնարկել:
Անկեղծ ասած, անհասկանալի է, թե ինչն է նրանց ետ պահում և ինչի են նրանք սպասում, որ այսպես քնել են ուխտի ականջում: Հետաքրքիր է, սրանից ավելի ինչ պետք է լինի, որ նրանք տեղից շարժվեն: Փաստորեն, այն աստիճանի թույլ ու վախկոտ են այդ հզոր երկրների ղեկավարները, որ Փարիզյան ահաբեկչությունից անմիջապես հետո, Իսլամական պետության ղեկավարությունը հետևյալ լկտի հայտարարությունն է տարածում. հլա ու՞ր եք, դուք և ձեր քաղաքացիները չպետք է կարողանաք խանութ էլ գնալ: Մի՞թե սրանից ավելի մեծ նվաստացում կա: Եթե չնչին խիղճ, հպարտություն կամ ինքնասիրություն ունեն այդ ղեկավարները, ապա այդ ահաբեկչությունից վայրկյաններ անց բոլորը (Օբամա, Պուտին, Օլանդ, Մերկել…) պետք է հրաժարական տային: Այնինչ, նրանք նախկինի պես՝ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե տեսեք, տեսեք հիմա ինչ ենք անելու այդ Իսլամական պետությանը: Միտք, որը չափազանց ծիծաղելի է առաջին հերթին հենց Իսլամական պետության ղեկավարների համար:
Կարդացեք նաև
Անկեղծ ասած, ամեն ինչ այնքան պարզ է, որ այլևս անիմաստ է զարգացնել այս թեման: Ստեղծված իրավիճակում առաջարկությունը միակն է. կամ պետք է բոլոր երկրների ղեկավարները անմիջապես հայտարարեն իրենց հրաժարականների մասին, կամ արտակարգ հավաք հրավիրեն, ընդունեն գործնական որոշում և անմիջապես՝ մի քանի օրվա ընթացքում ֆիզիկապես բնաջնջեն այդ Իսլամական պետություն կոչվող ամենաբարձր ղեկավարից մինչև վերջին զինվորը: Այդ տիպի հակառակորդի դեպքում միակ լուծումը սա է, այլապես այդ ահաբեկչությունները ունենալու են ավելի մեծ աշխարհագրություն և ավելի մեծ հաճախականություն…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ