Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կիրակի՝ նոյեմբերի 15-ին, նիստ էր գումարել, որի ընթացքում քննարկվում էր ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանի դիմումը: Պարույր Հայրիկյանը իր դիմումով պահանջում էր կասեցնել հանրաքվեն:
Նիստի ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նկատեց, որ հանձնաժողովը «բարեփոխում» եզրույթի փոխարեն «փոփոխություն» եզրույթն է օգտագերծել: Նա նշեց, որ հանձնաժողովը գործնական եւ օրինակելի մոտեցում է ցուցաբերել: Պարույր Հայրիկյանը հավելեց, որ վերաքննիչ վարչական դատարանը նույն բովանդակությամբ գործ է քննում, ըստ նրա, դա բավարար հիմք է, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կասեցնի հանրաքվեն:
«Եթե որպես պետական մարմին՝ դուք ի վիճակի չեք արձանագրել այս կոպիտ խախտումով ընթացակարգը շարունակելու հնարավորությունը, ապա նաեւ որպես անհատ քաղաքացիներ կոչ եմ անում ձեզ, ոչինչ չի պակասի, ես 18 տարուց ավելի եմ անցկացրել բանտերում, եթե դուք մի 2 տարի անցկացնեք բանտերում հանուն Հայաստանի, բայց ոչ մի բան չի սպառնում: Ընդամենը կոչ եմ անում նույնիսկ դիմել գործադուլի»,- ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հանձնաժողովը եզրույթը չի փոխել, այլ այդպես է անվանել նախագահը հանրաքվեի օրը նշանակելու մասին համապատասխան հրամանագրում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Պարույր Հայրիկյանը կարո՞ղ է վկայակոչել իրավական հիմքը, որն ամրագրված է ընտրական օրենսգրքում կամ «Հանրաքվեի մասին» օրենքում, որի հիման վրա պետք է պահանջը գնահատվի, եւ այդ նորմի կիրառմամբ իրականացվի նշված գործընթացի կասեցումը: Պարույր Հայրիկյանը պատասխանեց՝ բոլոր պետական մարմինները առաջնորդվում են Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրության խախտման դեմ պայքարելը ինքնաբերաբար բխում է այդ դրույթից. «Սահմանադրությունը ասում է քաղաքացուց ստացված դիմումը պետք է պատշաճ պատասխանի արժանանա, խոսքը սահմանադրական փոփոխությունների ընթացքում արված առաջարկի մասին է, այն էլ հայեցակարգային, այն էլ բացարձակ ժողովրդավարության թեմայով, դա շատ լուրջ խնդիր է: Դուք արդյոք կարո՞ղ եք ձեր իրավասություններից դուրս գալ, իհարկե՛, ես ձեզ այդպիսի կոչ չէի կարող անել, բայց դուք կարող եք դիրքորոշում արտահայտել, իմ կարծիքով՝ պարտավոր եք արտահայտել դիրքորոշում, մանավանդ, երբ գործը այս պահին դատարանում է»:
Կարդացեք նաև
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրված է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նա նշեց, որ եթե ֆիզիկական անձինք կարող են անել այն ամենը, ինչ օրենքով արգելված չէ, ապա պաշտոնատար անձինք կարող են այնպիսի գործողություններ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նա հավելեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ոչ իրավական հնարավորություն եւ լիազորություն Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի համար չի նախատեսել: Որոշման նախագիծը առաջարկում է մերժել Պարույր Հայրիկյանի դիմումը: Որոշումը ընդունվեց՝ 7 կողմ, 0 դեմ ձայներով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ