Լրահոս
Օրվա լրահոսը

Շերտավոր խմորով եւ խնձորով վարդ

Նոյեմբեր 15,2015 12:30

Խնձորով խմորեղենների սիրահարների համար այս գեղեցիկ եւ համեղ թխվածքը հիանալի տարբերակ է՝ ե՛ւ տեսքն է շքեղ, ե՛ւ համը յուրահատուկ, իսկ պատրաստումը՝ չափազանց հեշտ եւ մատչելի:

Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 500 գրամ

Կարմիր խնձոր- 2-3 հատ

Ծիրանի կամ նարնջի ջեմ- 3 ճաշի գդալ

Շաքարավազ- 100 գրամ

Կիտրոն- 0,5 հատ

Դարչին- 1 ճաշի գդալ

vard1

Պատրաստման եղանակը

Խնձորը մեջտեղից կիսեք: Զգուշորեն հեռացրեք միջուկը: Չկեղեւահանե՛լ: Փոքր կաթսայի մեջ լցրեք 2-3 բաժակ ջուր, շաքարավազը: Կիտրոնի հյութը ճզմել կաթսայի մեջ, ճզմած կիտրոնը նույնպես դնել կաթսայի մեջ: Եթե ունեք դարչինի փայտիկ, 1-2 փայտիկ էլ գցեք ջրի մեջ: Դրեք գազօջախին, թող եփվի: 2-3 րոպե շաքարաջուրը եփվելուց հետո մեջը լցրեք խնձորի կտորները: 1-2 րոպեից անջատեք, խնձորները հանեք, որ սառեն:

vard2

Այդ ընթացքում գրտնակով բացեք շերտավոր խմորը, որը հարկավոր է մի քանի ժամ առաջ հանել սառցախցիկից: (Շերտավոր խմորը պահում են սառցախցիկում, օգտագործելուց մի քանի ժամ առաջ հանում, կամ կարելի է մեկ օր առաջ հանել, դնել սառնարան): 500 գրամանոց խմորից կարող եք ստանալ 10 վարդ, այնպես որ խմորը բաժանեք իրար հավասար 10 ուղղանկյուն շերտերի:

vard3

Ծիրանի կամ նարնջի ջեմին ավելացրեք 1-2 ճաշի գդալ ջուր, լավ խառնեք: Յուրաքանչյուր խմորի շերտի վրա քսեք 1 թեյի գդալ ջեմ: Խնձորի կիսալուսնաձեւ կտորները, որոնք արդեն սառել են, շարեք խմորի վրա այնպես, որ վերեւի հատվածը խմորից դուրս լինի, եւ խնձորի կտորները մասամբ իրար վրա լինեն (ինչպես պատկերված է լուսանկարում): Վրան դարչին ցանեք: Խմորի տակի մասը վրա բերեք, ծածկեք խնձորները՝ վերեւի հատվածը բաց թողնելով: Լավ սեղմեք, որպեսզի խնձորները դուրս չթափվեն, ապա փաթաթեք խմորը մի առանցքի շուրջ:

vard4

Կստացվի վարդանման խմորագնդիկ: Խմորագնդերը դրեք կեքսերի համար նախատեսված ջեռոցամանի մեջ եւ թխեք նախապես 220 աստիճանով տաքացրած ջեռոցում մինչեւ խմորը կարմրի:

Հանեք ջեռոցից, թողեք սառչի, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք:

vard5

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30